Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի (Global High-Tech Award) 2025 թվականի դափնեկիրը «Analog Devices Inc.» (ADI) ընկերության գործադիր տնօրեն եւ տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշն է։

Նա ՀՀ պետական մրցանակի 16-րդ դափնեկիրն է: Վինսենթ Ռոշը «Analog Devices Inc.» (ADI) գլխավոր գործադիր տնօրենն է եւ տնօրենների խորհրդի նախագահը։ Ընկերությունը բարձր արդյունավետությամբ կիսահաղորդիչների առաջատար մատակարար է, եւ անգերազանցելի ինտելեկտուալ լուծումներ է տրամադրում կապի, առաջատար արտադրությունների, առողջապահության, կայուն էներգիայի, սպառողական էլեկտրոնիկայի եւ տրանսպորտի ոլորտներում։ Ռոշը ընդլայնել է բարձր արդյունավետության անալոգային լուծումների ոլորտում ընկերության առաջատար դիրքը՝ կիրառական նորարարության, հաճախորդակենտրոնության եւ գործառնական գերազանցության նկատմամբ իր նվիրվածության միջոցով։

«Սա հնարավորություն է տալիս հենց մրցանակակիրներին այցելել Հայաստան՝ ավելի լավ ճանաչելու, հասկանալու եւ զգալու Հայաստանն իր տեխնոլոգիական մեծ ներուժով, տեխնոլոգիական ավանդույթներով, գիտելիքներով եւ կարողություններով, որոնք ձեւավորվել են տասնամյակների ընթացքում», - նշել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Viva-ն իր հիմնադրման օրվանից թվային տեխնոլոգիաների եւ նորարարությունների կողքին է եւ պատահական չէ, որ հիմնադրման օրվանից ընկերությունն այս մրցանակաբաշխության գլխավոր աջակիցն է։ Այս տարի մեծ ուրախությամբ պատրաստվում ենք ընդունել Վինսենթ Ռոշին, որի շնորհիվ տեխնոլոգիական առաջատար «Analog Devices» ընկերությունը հասավ նոր մակարդակի։ Վստահ ենք, որ նրա այցը Հայաստան կարեւոր ոգեշնչման աղբյուր կդառնա արագ փոփոխվող աշխարհում իրենց հմտություններն ու գաղափարները զարգացնել ցանկացող երիտասարդ մասնագետների համար, իսկ մեր համատեղ ջանքերը կօգնեն ստեղծել դինամիկ էկոհամակարգ, որը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիաների զարգացմանը»,- նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Մրցանակի գործադիր խորհրդի եւ միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքները համակարգող, «Synopsys Armenia»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանն, անդրադառնալով մրցանակի շնորհման պատմությանը, ընդգծել է, որ 15 տարի առաջ «Սինոփսիս»-ի կողմից Համաշխարհային մրցանակի նախաձեռնումը նպատակաուղղված էր նպաստելու Հայաստանի տեսանելիության եւ ճանաչելիության բարձրացմանը: 

«Այս մրցանակը նաեւ բիզնեսի եւ պետության համագործակցության հաջողված օրինակ է, որն օգնում է Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիաների զարգացող հաբի դիրքավորմանն, ու, որ ամենակարեւորն է՝ նպաստում է Հայաստանի տեխնոլոգիական հզորացմանն ու անկախացմանը», - նշել է Հովիկ Մուսայելյանը:

Մրցանակաբաշխության նախաձեռնողն ու աջակիցն է «Synopsys» ընկերությունը։ Մրցանակաբաշխությանն աջակցում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը, ՏՀՏ Գործատուների միությունը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը։