Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդես է եկել առաջնորդության թեմայով դասախոսությամբ՝ Դիլիջանում անցկացվող ինժեներական ամառային դպրոցի շրջանակում։

Ամառային դպրոցը կազմակերպվել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի կողմից՝ գերմանական ՌՈԴԵ ԵՎ ՇՎԱՐՑ (Rohde & Schwarz) թեստավորման եւ չափումների ոլորտում առաջատար ընկերության եւ Լոկատոր ընկերության հետ համագործակցությամբ։ 

Դպրոցի նպատակն է զարգացնել մասնակիցների մասնագիտական կարողությունները հեռահաղորդակցության, անլար կապի համակարգերի, շարժական 4G/5G տեխնոլոգիաների, քվանտային ֆիզիկայի եւ հարակից ոլորտներում՝ համադրելով տեսական գիտելիքները գործնական հմտությունների հետ։

Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է առաջնորդության հիմնական սկզբունքները, արդյունավետ կառավարման մոտեցումները, ինչպես նաեւ կարեւորել փափուկ հմտությունների եւ անձնական տեսլականի դերը մասնագիտական հաջողությունների հասնելու գործընթացում։ Բացի այդ, նա անդրադարձել է հեռահաղորդակցության ոլորտի մարտահրավերներին, 5G տեխնոլոգիաների ժամանակակից միտումներին եւ ոլորտի զարգացման հեռանկարներին։

«Ucom-ում մենք շատ ենք կարեւորում տեխնոլոգիական կրթությունը, եւ ողջունում ենք երիտասարդների համար ստեղծված նման ցանկացած հնարավորություն։ Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեցա իմ գիտելիքներով եւ փորձով կիսվելու ամառային դպրոցի մասնակիցների հետ։

Հավատացած եմ, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ապագա մասնագետների պատրաստման գործում այսօրվա ներդրումների շնորհիվ վաղը կունենանք նորարար եւ մրցունակ մասնագիտական համայնք», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ելույթից հետո տեխնիկական տնօրինության աշխատակիցներն իրականացրել են դրայվ թեսթ, եւ մասնակիցները հնարավորություն են ունեցել գործնականում անցկացնելու դրայվ թեսթ՝ ստուգելով բջջային ցանցի ռադիոծածկույթի, որակի, ինչպես նաեւ շահագործվող կայանների հիմնական պարամետրերը։ 

«Ամառային դպրոցն իր կարեւորությամբ եզակի հարթակ է, որը հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին եւ ուսանողներին խորացնել գիտելիքներն ու ձեռք բերել նոր հմտություններ՝ կիրառելով դրանք պրակտիկ խնդիրների լուծման մեջ։ Այսպիսի ծրագրերը խթանում են գիտական եւ ինժեներական մտածողության զարգացումը, ինչը չափազանց կարեւոր է Հայաստանի տեխնոլոգիական ապագայի համար։ Կազմակերպիչները բարձր են գնահատում նման առաջատար ընկերությունների մասնակցությունը, քանի որ այն հնարավորություն է տալիս մասնակիցներին շփվել ոլորտի փորձառու մասնագետների հետ եւ ներգրավվել իրական նախագծերում», – նշել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ինժիներա-ֆիզիկական ինստիտուտի տնօրեն տ․գ․թ․ դոցենտ Ահարոն Ահարոնյանը։

Բարձր տեխնոլոգիական ուղղվածությամբ 5-օրյա ամառային ինժեներական դպրոցը նվիրված է ժամանակակից կապի ցանցերի եւ քվանտային հաղորդակցման տեխնոլոգիաների խորացված ուսումնասիրմանը։ Ծրագրին մասնակցել է 17-ից 25 տարեկան 50 երիտասարդ։