ՀՀ դպրոցականները 4 բրոնզե մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Բոլիվիայի Սուկրե քաղաքում:
Օլիմպիադային մասնակցել է 86 երկրի 334 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։
Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Ծովակ Եգորյանը (12-րդ դասարան), Մարտին Խաչատրյանը (12-րդ դասարան) ու Տիգրան Մացակյանը (10-րդ դասարան), ինչպես նաեւ «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքս Գրիգորյանը (11-րդ դասարան): ՀՀ թիմի բոլոր մասնակիցներն արժանացել են բրոնզե մեդալների։
Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով, յուրաքանչյուրում՝ 3-ական առաջադրանք։
Հայաստանի թիմը ղեկավարել են Վահրամ Դումանյանը (ՀՀ վարչապետի խորհրդական) եւ Արմեն Անդրեասյանը (ԵՊՀ)։
2024-ին Հայաստանի թիմը ինֆորմատիկայի 36-րդ օլիմպիադայում, որն անցկացվել էր Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, ՀՀ դպրոցականներն արժանացել էին 1-ական արծաթե եւ բրոնզե մեդալների։