Meta-ն մոտ 29 միլիարդ դոլար է ներգրավել արհեստական բանականության համար տվյալների կենտրոններ կառուցելու համար, գրում է Reuters-ը:

Meta-ն նախատեսում է այս գումարն օգտագործել Լուիզիանայում տվյալների կենտրոն կառուցելու համար։ Նախագծին կմասնակցի երկու ներդրումային ընկերություն՝ Pimco-ն եւ Blue Owl Capital-ը։

Ընկերությունը Pimco-ից ստացել է 26 միլիարդ դոլար որպես վարկ, իսկ Blue Owl Capital-ից՝ 3 միլիարդ դոլար՝ բաժնետիրական կապիտալի տեսքով։ Bloomberg-ի տվյալներով՝ գործարքի կազմակերպմանը մասնակցել է Morgan Stanley-ն։

Նշվում է, որ ավելի ուշ փուլում նախագծին կարող են միանալ այլ ներդրողներ, այդ թվում՝ Apollo Global Management-ը եւ KKR-ը։

Meta-ի խոշոր ֆոնդերի հետ գործընկերությունը թույլ կտա ընկերությանը կիսել ենթակառուցվածքների եւ արհեստական բանականության զարգացման մեջ ներդրումների հետ կապված ռիսկերն ու ծախսերը։

2025 թվականի հուլիսին Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ ընկերությունը «հարյուր միլիարդավոր դոլարներ» կներդնի Superintelligence Labs բաժնի համար նոր տվյալների կենտրոններ կառուցելու համար։

photo © Bloomberg