Իլոն Մասկը հայտարարել է, որ իր xAI ընկերությունը պլանավորում է դատի տալ Apple-ին՝ հակամենաշնորհային օրենքները ենթադրաբար խախտելու համար, գրում է CNBC-ն։

Նրա խոսքով՝ Apple-ը թույլ չի տալիս, որ OpenAI-ից բացի, որեւէ արհեստական բանականության ընկերություն բարձրանա App Store-ի վարկանիշային աղյուսակում եւ հասնի լավագույն հավելվածներին։

Մասկը զարմացած է, թե ինչու X հավելվածները եւ Grok չատբոտը չեն ներառվում Must-Have Apps բաժնում՝ չնայած իրենց ժողովրդականությանը։

Grok-ը ներկայում զբաղեցնում է վեցերորդ տեղը ԱՄՆ App Store-ի լավագույն անվճար հավելվածների բաժնում, մինչդեռ OpenAI-ի ChatGPT-ն առաջին տեղում է։ Google-ի Gemini չատբոտը 67-րդ տեղում է։ Բացի այդ, ChatGPT-ն միակ արհեստական բանականության հավելվածն է, որը նշված է App Store-ի Must-Have Apps բաժնում։

Apple-ը եւ OpenAI-ը համագործակցում են արհեստական բանականության ոլորտում։ 2025 թվականի օգոստոսի 7-ին ChatGPT-ի մշակողը ներկայացրել է նոր գեներատիվ մոդել՝ GPT‑5-ը։ Այն կինտեգրվի Apple Intelligence-ի հետ iOS 26-ի թողարկման հետ՝ 2025 թվականի սեպտեմբերին։