12:42 | 13.08.25 | Նորություններ | 153
AI որոնողական համակարգ մշակած Perplexity ընկերությունը Google-ին առաջարկել է գնել Chrome բրաուզերը 34,5 միլիարդ դոլարով, հայտնում է Bloomberg-ը։
Ընկերությունը Alphabet-ին ուղղել է պաշտոնական առաջարկ՝ բրաուզերը գնելու վերաբերյալ, եթե դատարանը բավարարի վերջինիս դեմ ներկայացված հակամենաշնորհային հայցը։
Perplexity-ի առեւտրային տնօրեն Դմիտրի Շեւելենկոյի խոսքով՝ մի քանի խոշոր ներդրումային ֆոնդ համաձայնել է ամբողջությամբ ֆինանսավորել գործարքը։ Ընկերությունը խոստացել է նաեւ բրաուզերում չկատարել «թաքնված փոփոխություններ»։
Առաջարկի ընդունման դեպքում Perplexity-ն երկու տարվա ընթացքում Chrome եւ Chromium նախագծերի մեջ կտեղաբաշխի 3 միլիարդ դոլար եւ «աշխատանք կառաջարկի թիմի տաղանդավոր մասնագետների զգալի մասին»։ Google-ը բաժնեմաս չի ստանա Perplexity-ում՝ «հակամենաշնորհային ռիսկերից խուսափելու համար»։
2025թ. հուլիսին Perplexity-ն ներգրավել էր 100 մլն դոլար՝ ստանալով 18 միլիարդ դոլար գնահատական։
2024թ. օգոստոսին ԱՄՆ դատարանը որոշել է, որ Google-ը չարաշահել է իր դիրքը որոնողական համակարգերի շուկայում։ 2025թ. ապրիլին սկսված լսումների ժամանակ ԱՄՆ արդարադատության նախարարությունը պահանջել է պարտադրել Google-ին վաճառել Chrome բրաուզերը եւ դադարեցնել այն պայմանագրերը, որոնցով այլ ընկերություններն իրենց սարքերում Google-ը ներդնում են որպես լռելյայն աշխատող որոնողական համակարգ։ Chrome գնելու պատրաստակամություն են հայտնել նաեւ OpenAI-ը եւ Yahoo-ն։
Perplexity-ն հիմնադրվել է 2022-ին եւ մշակում է AI-բոտ, որը տեղեկատվություն է որոնում՝ հղում տալով սկզբնաղբյուրներին։ 2025թ. ապրիլին ստարտափը հավելեց ձայնային օգնական, որը կարող է ուղարկել նամակներ, միացնել փոդքասթներ կամ տեսանյութեր։