Համաշխարհային իրավատեխնոլոգիական առաջատար Aderant-ը հայտարարել է, որ ձեռք է բերում HerculesAI ընկերության իրավական տեխնոլոգիաները, որոնք ստեղծվել են Երեւանի թիմի կողմից։
Գործարքը կուժեղացնի Aderant-ի արհեստական բանականության հնարավորությունները եւ կբերի նոր ներդրումներ, աշխատատեղեր ու փորձի փոխանակում Հայաստանում։
HerculesAI-ի առաջադեմ գործիքները կներառվեն Aderant-ի հարթակում՝ ապահովելով ավտոմատացված եւ խելացի աշխատանքային հոսքեր, որոնք կբարձրացնեն իրավաբանական ընկերությունների արդյունավետությունն ու շահութաբերությունը։
«Այս գործարքը խաղի կանոններ փոխող իրադարձություն է մեր հաճախորդների համար։ HerculesAI-ի առաջադեմ համապատասխանության շարժիչը մեր առաջատար work-to-cash հարթակին ինտեգրելով՝ մենք ոչ միայն ավտոմատացնում ենք աշխատանքային հոսքերը, այլեւ հնարավորություն ենք տալիս ստեղծել խելացի ավտոմատացում, որը խթանում է չափելի շահութաբերությունը։ Իրավաբանական ընկերությունները կստանան աննախադեպ ճշգրտություն, արագություն եւ վստահություն իրենց գործունեության մեջ։ Բացի տեխնոլոգիայից, մենք նույնքան ոգեւորված ենք ամբողջ HerculesAI իրավատեխնոլոգիական թիմին Aderant-ում ընդունելու համար։ ԱԲ-ի վրա կենտրոնացած զարգացումները մեր ռազմավարության հիմքում են, եւ այս գնումը միայն կուժեղացնի Aderant-ի ԱԲ ինժեներական եւ տվյալագիտության ներուժը»,- ասել է Aderant-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Քրիս Քարթրեթը։
«Aderant-ը իրավատեխնոլոգիական ոլորտի առաջատար ուժ է, եւ HerculesAI-ի յուրաքանչյուր իրավական արտադրանք բնական տեղ է գտնում նրանց պորտֆելում։ Այս քայլը ուժեղացնում է Aderant-ի պրոդուկտը եւ համապատասխանությունը խոչընդոտից վերածում բիզնեսի արագացուցչի։ Կարեւոր է նաեւ մեր թիմերի մշակութային ներդաշնակությունը՝ հաճախորդների իրական խնդիրները լուծելու ընդհանուր հանձնառությունը»,- նշել է HerculesAI-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքս Բաբինը։