Հայաստանը դարձել է արհեստական բանականության (ԱԲ) կիրառման համաշխարհային առաջատարներից մեկը՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը ChatGPT-ի օգտագործման ցուցանիշով, ըստ FirstPageSage, DemandSage, StatCounter եւ CoinJournal աղբյուրների վերջին տվյալների։
Հայաստանում բնակչության 7,9%-ը ակտիվորեն օգտագործում է ChatGPT, ինչի շնորհիվ երկիրը ոչ միայն առանձնանում է գլոբալ ցուցակում, այլեւ առաջատար է տարածաշրջանում՝ գերազանցելով հարեւան երկրներին՝ Վրաստան (4,3%), Թուրքիա (4,5%), Ադրբեջան (4,1%) եւ Իրան (3,5%)։
Աշխարհում Հայաստանից առաջ են Բուտանը (16%), Սինգապուրը (9,4%), Բրունեյը (9,3%) եւ Էստոնիան (8,4%)։ Հայաստանի տեղն այս հնգյակում ընդգծում է նրա աճող դերը ԱԲ եւ տեխնոլոգիական նորարարությունների էկոհամակարգում։