Հայաստանում թվային ինքնության եւ վստահության ծառայություններ մատուցող imID ընկերությունը, համագործակցելով Հայաստանի հեռահաղորդակցական երեք խոշոր օպերատորի հետ, հայտարարում է «MobileID eSIM» ծառայության գործարկման մասին։
Այսուհետ Team Telecom Armenia, Ucom եւ Viva ընկերությունների բաժանորդները կարող են ակտիվացնել եւ օգտագործել imID-ի «MobileID eSIM» ծառայությունն eSIM համատեղելիությամբ սարքերում՝ առանց ֆիզիկական SIM քարտի անհրաժեշտության:
Օգտատերերը «MobileID eSIM»-ով կարող են անվտանգ եւ հեշտությամբ գրանցվել, մուտք գործել, իրականացնել գործարքներ եւ ստորագրել փաստաթղթեր բանկային, պետական եւ ոչ պետական կայքերում եւ հավելվածներում։
««Mobile ID»-ի գործարկումը eSIM օգտագործողների համար բնական շարունակությունն է մեր տեսլականի՝ կառուցելու ներառական եւ ժամանակակից թվային էկոհամակարգ։ Այս թարմացմամբ մենք եւս մեկ քայլ ենք անում դեպի նորարարություն, հասանելիություն եւ ապագայի թվային ենթակառուցվածքների ձեւավորում Հայաստանում»,- նշել է imID-ի գլխավոր տնօրեն Կարեն Մկոյանը։
Ծառայությունը պահպանում է նույն բարձր մակարդակի անվտանգություն եւ իրավական ուժ, ինչ SIM քարտի վրա հիմնված տարբերակները։ Նույնականացման եւ էլեկտրոնային ստորագրման բոլոր գործընթացները պաշտպանված են միջազգային ստանդարտներին համապատասխան կրիպտոգրաֆիկ տեխնոլոգիաներով։