Anthropic ընկերությունը համաձայնել է վճարել 1.5 միլիարդ դոլար փոխհատուցում այն հեղինակներին, որոնց գրքերն անօրինական կերպով օգտագործվել են Claude արհեստական բանականության մոդելի ուսուցման համար։
Եթե դատարանը հաստատի գործարքը, յուրաքանչյուր հեղինակ կստանա շուրջ 3000 դոլար ամեն գրքի դիմաց։ Ընկերությունը նաեւ պարտավորվում է ջնջել այդ աշխատանքներն իր ուսուցման տվյալների հավաքածուներից։
Հեղինակների կոլեկտիվ հայցը ներկայացվել էր 2024 թ. օգոստոսին։ Դատական գործընթացի ընթացքում պարզվել է, որ Anthropic-ը գնել ու ոչնչացրել է «մի քանի միլիոն» նոր եւ օգտագործված գիրք թվայնացնելու նպատակով։ Գրքերը փաթեթազերծվել են, էջ առ էջ սքանավորվել եւ դեն նետվել։ Այն ստեղծագործությունները, որոնք ընկերությունը չի կարողացել ձեռք բերել թղթային տարբերակով, ներբեռնվել են «ծովահենական» կայքերից։ Ընդհանուր առմամբ, Anthropic-ը ներբեռնել է շուրջ 7 միլիոն գիրք եւ պահել դրանք իր կենտրոնական գրադարանում։
Չնայած 2025 թ. հունիսին ԱՄՆ դատարանը որոշել էր, որ հեղինակային իրավունքով պաշտպանված գրքերի վրա ԱԲ մոդելների ուսուցումը կարելի է դիտարկել որպես «արդար օգտագործում», ընկերության գործողությունները, առանց թույլտվության գրքեր ներբեռնելն ու պահելը, ճանաչվել են խախտում։
Anthropic-ը 2025 թ. սեպտեմբերի 2-ին ներգրավել է 13 միլիարդ դոլարի ներդրում ICONIQ, Fidelity Management & Research Company, General Catalyst եւ այլ ներդրողներից՝ ստանալով 183 միլիարդ դոլար շուկայական գնահատում։