Նորարարության ոլորտում հայ կանանց ներուժը արտահայտվել է Գլենդելի տեխնոլոգիական շաբաթ 2025-ի ժամանակ, որտեղ FEMINNO-ն, համագործակցելով DISQO-ի հետ, կազմակերպել էր քննարկումներով, մշակույթով եւ համայնքային շփումներով լի երեկո։
Հայաստանում հիմնադրված FEMINNO-ն այսօր վերածվել է գլոբալ ցանցի, որը խթանում է հնարավորությունների հավասարությունը եւ նորարարությունը STEM ծրագրերի, համաժողովների եւ համայնքային նախաձեռնությունների միջոցով։
Միջոցառումը մեկնարկել է Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի խորհրդի անդամ եւ նախկին քաղաքապետ հայազգի Էլեն Ասատրյանի ելույթով։ Ծրագրի հիմնական բանախոսն էր Strategic Global Advisors ընկերության գլխավոր գործադիր տնօրեն եւ խորհրդի նախագահ հայազգի Սինթիա Թուսանը։ Ակտիվների կառավարման ոլորտում տասնամյակների փորձով՝ Թուսանը ղեկավարել է միջազգային բաժնետոմսերի թիմ, որը կառավարել է մոտ 3.5 միլիարդ դոլարի ակտիվներ։
Այնուհետեւ անցկացվել է դինամիկ պանելային քննարկում։ FEMINNO-ն ակտիվացնում է իր տեղական համայնքը Լոս Անջելեսում՝ որպես նոր կենտրոն, եւ պատրաստվում է 2025 թվականի դեկտեմբերին նոր մասնաճյուղ հիմնել Նյու Յորք քաղաքում։
Միեւնույն ժամանակ, արդեն ընթացքի մեջ են FEMINNO միջազգային կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքները, որը կկայանա Երեւանում 2025 թվականի նոյեմբերի 15-ին՝ շարունակելով Հայաստանում միավորել նորարար կանանց ամբողջ աշխարհից։
Իր առաքելությանը աջակցելու համար FEMINNO-ն հրավիրում է իր համայնքին միանալ եւ աջակցել STEM խթանման մրցանակաբաշխություն ծրագրին, որն ուղղակիորեն խթանում է Հայաստանի ավելի քան 200 դպրոցական աղջկա STEM կրթությունը՝ պատրաստելով նոր սերնդի անպարտելի նորարարներին։