14:17 | 10.09.25 | Նորություններ | 251
Սամսունգի Ինովացիոն Կամպուս ՏՏ կրթական ծրագիրը, որն իրականացվում է «Samsung Electronics»-ի կողմից եւ գործում է UWC Դիլիջան միջազգային դպրոցում, դիմավորել է իր ուսանողների չորրորդ սերնդին։
Երեւանից, Տավուշից, Լոռիից, Շիրակից, Կոտայքից եւ Արարատից ընտրված 100 երիտասարդ կսովորի անվճար կրթական ծրագրերում։
Այս տարի ծրագրին դիմել էր 570 հոգի, որոնցից 242-ն անցել է հարցազրույցի փուլ։ Ըստ մրցույթի արդյունքների՝ երկու դասընթացում ընդունվել է 100 ուսանող։
ԱԲ դասընթացը տեւում է 9 ամիս՝ շաբաթական 4 ժամ։ Այն նախատեսված է համալսարանական ուսանողների համար։ Դասընթացի ընթացքում ուսումնասիրվելու է երեք մոդուլ․
• Մեքենայական ուսուցման հիմունքներ (Fundamentals of Machine Learning),
• Նեյրոնային ցանցեր եւ համակարգչային տեսողություն (Neural Networks and Computer Vision),
• Նեյրոնային ցանցեր եւ տեքստի մշակում (Neural Networks and Text Processing)։
Յուրաքանչյուր ուսանող կունենա անհատական նախագիծ, որը կներկայացնի դասընթացի ավարտին:
Java Mobile Application Development դասընթացի ծրագիրն ունի նախագծային մոտեցում, տեւում է 9 ամիս՝ շաբաթական 4 ժամ։ Այն բաղկացած է հինգ մոդուլից․
• Java ծրագրավորման լեզվի հիմունքներ,
• Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման ներածություն,
• Android հավելվածների ծրագրավորման հիմունքներ,
• Ալգորիթմներ եւ տվյալների կառուցվածքներ,
• Բջջային հավելվածների սերվերային մասի ծրագրավորման հիմունքներ։
«Մեր ընկերության սոցիալական զարգացման տեսլականն է՝ «Միասին հանուն վաղվա. հնարավորություններ մարդկանց համար», որն արտացոլում է իր հիմնական արժեքները՝ «Մարդիկ առաջին տեղում», «Բարգավաճում բոլորի համար» եւ «Փոփոխությունների առաջամարտիկ»։ Այս տեսլականն արտահայտում է ընկերության հանձնառությունը՝ փոխադարձ աճի միջոցով զարգացնելու տաղանդներ եւ խթանելու նորարարությունները, որոնք, ի վերջո, կնպաստեն ավելի լավ աշխարհի կառուցմանը։ Մեզ համար մեծ պատիվ է շարունակել եւ ընդլայնել մեր համագործակցությունը UWC Դիլիջանի հետ, եւ օժանդակել հայ երիտասարդներին զարգացնել արդի ՏՏ հմտություններ եւ գործնական կարողություններ՝ համայնքի, երկրի եւ ամբողջ աշխարհի համար ավելի լավ հնարավորություններ ստեղծելու նպատակով»,- նշել է Սամսունգ Էլեկտրոնիքսի ԱՊՀ գլխամասային գրասենյակի փոխնախագահ Սերգեյ Պեւնեւը։
«Սամսունգի Ինովացիոն Կամպուսը շարունակում է ուսանողներին փոխանցել անհրաժեշտ թվային եւ ծրագրավորման հմտություններ։ Մենք ուրախ ենք, որ ծրագրի հանդեպ հետաքրքրությունը մշտապես բարձր է։ Այս տարի մեկնարկեց նաեւ Արհեստական բանականության դասընթացը, որը հատուկ մշակված է համալսարանական ուսանողների համար։ Սամսունգի մասնագետների աջակցությամբ մենք մեր ուսանողներին կուղեկցենք այս նոր ճանապարհին եւ անհամբերությամբ սպասում ենք նրանց գաղափարների ու նախագծերի իրագործմանը», - նշել է Սամսունգի Ինովացիոն Կամպուսի ծրագրի ղեկավար Վարդան Ավագյանը։