Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Team Telecom Armenia-ի տեխնոլոգիական գործընկերությամբ կանցկացվի «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025»-ը:
Գիտության եւ տեխնոլոգիաների հանրահռչակման հայաստանյան ամենախոշոր միջոցառումն այս տարի կլինի «Զարգացնել գիտությամբ» կարգախոսով: Միջոցառումը կհամախմբի ավելի քան 50 000 այցելուի եւ կներգրավի շուրջ 300 դպրոց եւ մանկապարտեզ Երեւանից եւ Հայաստանի բոլոր մարզերից։
«Գիտությունն ու տեխնոլոգիաները երկրի առաջընթացի շարժիչ ուժն են, որ կարող են բացել նոր հորիզոններ թե՛ անձնական, թե՛ ազգային առաջընթացի համար: Ուրախ ենք, որ կարողանում ենք նպաստել երիտասարդների եւ գիտության ու տեխնոլոգիաների միջեւ ամուր կապի հաստատմանն ու նորարարական մտածողության զարգացմանը»,- ասել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Միջոցառման կազմակերպիչը «Գիտուժ» նախաձեռնությունն է:
«Ուրախ ենք, որ «Գիտության շաբաթ․ Հայաստանը» երկրորդ տարին է համախմբում հասարակությանը՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է գիտությունն ու տեխնոլոգիաները սիրելի ու հետաքրքիր դարձնել երիտասարդների համար եւ ընդգծել դրանց վճռորոշ դերը Հայաստանի անվտանգության ու զարգացման համար»,- նշել է «Գիտուժ»-ի ակտիվ անդամ Տիգրան Շահվերդյանը։
Միջոցառման սիրտը կլինի Ազատության հրապարակում անցկացվող Գիտության փառատոնը, որին կմասնակցեն Հայաստանի պետական, ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական ու ստեղծարար կառույցների եւ կազմակերպությունների առաջատար ներկայացուցիչները։
Team Telecom Armenia-ն, այս տարի եւս միանալով այս գիտական ու տեխնոլոգիական տոնին, կապահովի փառատոնի համար անհրաժեշտ բոլոր տեխնոլոգիական եւ կապի ենթակառուցվածքները, իսկ «Գիտուժ»-ի հետ համագործակցությամբ մրցանակներ կհանձնի այն դպրոցին եւ մանկապարտեզին, որոնք ամենաակտիվը կլինեն «Գիտության շաբաթ․ Հայաստան» ապակենտրոնացված միջոցառումներին: