12:47 | 29.09.25 | Նորություններ | 88
Հայաստանում աշակերտական սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված առաջին ծրագիրն ամփոփել է արդյունքները:
Երեւանում «ՔՈԴԵ Սոցիալական Ձեռնարկատիրության Հաբ» (CODE-SE HUB) ՀԿ-ի կողմից կազմակերպվել էր «Սոցիալական ձեռնարկատիրություն (ՍՁ) եւ Աշակերտական սոցիալական ձեռնակատիրություն (ԱՍՁ)» ազգային ֆորումը, որը մի կողմից ձեւավորել էր հարթակ քննարկելու Հայաստանում աշակերտական ՍՁ–ների զարգացման հնարավորությունները, մյուս կողմից ամփոփում էր նախորդ երեք տարվա այս ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրի արդյունքները:
Աշակերտական սոցիալական ձեռնարկատիրությունը նոր ձեւաչափ է թե՛ կրթական ոլորտում, թե՛ բիզնես միջավայրում: Այն աշակերտների կողմից ղեկավարվող բիզնես գործունեություն է կրթական հաստատությունում (դպրոց, քոլեջ կամ տեխնիկական ուսումնարան): Կուրատորի (ուսուցիչ, ձեռնարկատեր կամ ծնող) ուղղորդմամբ աշակերտներն արտադրում եւ վաճառում են ապրանքներ կամ ծառայություններ՝ իրական սոցիալական խնդիրներ լուծելու համար:
Այս գործնական, նորարարական մոտեցումն աշակերտների համար ապահովում է իրական բիզնես փորձ՝ խթանելով ձեռնարկատիրական մտածողությունը եւ խնդիրների լուծումը՝ միաժամանակ նրանց զինելով կարիերայի համար անհրաժեշտ հմտություններով:
Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանում ստեղծվել են ԱՍՁ զարգացման մի շարք կարեւոր նախադրյալներ. կա ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված արտադասարանական կրթության ծրագիր, ստեղծվել է ԱՍՁ կրթական առցանց հարթակ՝ նախատեսված աշակերտների համար եւ արդեն իսկ ձեռք բերված փորձի հիման վրա կազմվել է մեթոդաբանական ձեռնարկ ուսուցիչների, դասընթացավարների, մենտորների ու ոլորտով հետաքրքրվող այլ անձանց համար եւ կարող է դառնալ սոցիալական ձեռներեցների պատրաստման արդյունավետ գործիք:
«Մեր այս ծրագրի թիրախային խումբը 14–18 տարեկան երիտասարդներն են, որովհետեւ մենք որոշել ենք նաեւ ներքեւից սկսել ՍՁ զարգացումը. նրանք ավելի կրեատիվ են եւ ունեն նոր գաղափարներ: Նրանք արդեն ապացուցել են, որ շատ վաղ տարիքում հնարավոր է մտնել ձեռնարկատիրական ոլորտ եւ հաջողության հասնել: Մեր նպատակը նորարարություն բերելն է, մտնել այնպիսի ոլորտներ, որտեղ սոցիալական ձեռնարկատիրությունը դեռ զարգացած չէ: Աշակերտական սոցիալական ձեռնարկատիրությունը հենց այդ ոլորտներից է: Ծրագրում ներառված 3 երկրում եւս՝ Ուկրաինայում, Մոլդովայում եւ Վրաստանում, այս ծրագիրն իրականցվում է եւ արդեն ունենք մեծ հաջողություններ»,– ասել է CODE-SE HUB–ի համահիմնադիր եւ նախագահ Սուրեն Մխիթարյանը:
Ծրագրի մեկնարկից մինչ այս պահը ներգրավվել է 20-ից ավելի դպրոց, 400-ից ավելի աշակերտ մասնակցել է սոցիալական ձեռնարկատիրության վերաբերյալ սեմինարների եւ ինտենսիվ դասընթացների, ՍՁ առցանց կրթական հարթակի միջոցով վերապատրաստվել են հարյուրավոր երիտասարդներ, վերապատրաստվել է ավելի քան 20 դասընթացավար եւ ուսուցիչ՝ աշակերտներին մենտորություն տրամադրելու եւ ուղղորդելու համար, 7 սոցիալական բիզնես գաղափար մեկնարկի համար ֆինանսական աջակցություն է ստացել:
Ֆորումի ընթացքում առանձին տաղավարներով ներկայացված էին նաեւ այն 7 ԱՍՁ–ները, որոնց մեծ մասը ծրագրի բոլոր փուլերն անցնելուց հետո այսօր արդեն ունեն արտադրանք կամ ծառայություն են մատուցում եւ դրանցից ստացած եկամուտն ուղղում են սեփական դպրոցում կամ համայնքում առկա մի շարք խնդիրների լուծմանը:
Այսպես՝ մի դպրոցի սաների արտադրած գինու եւ բնական չրերից պատրաստած շոկոլադների վաճառքից ստացված եկամտով մասամբ վերանորոգվել է դպրոցի մարզադահլիճը: Մեկ այլ դպրոցում աշակերտները մշակել են սեղանի ինտելեկտուալ խաղ, որն արդեն բավականին լայն տարածում է գտել դպրոցականների շրջանում եւ գնալով ընդլայնվում է, երրորդում վերամշակված հումքից էկոպայուսակներ են արտադրում եւ այլն:
Աշխատանքային խմբերով քննարկումներից բացի միջոցառման կարեւոր բաղադրիչներից մեկն էլ նեթվորքինգն էր, որի ընթացքում ֆորումի տեղացի մասնակիցները հնարավորություն ունեցան շփվելու, իրենց փորձը փոխանակելու ու նոր բիզնես կապեր ստեղծելու Գերմանիայից, Ուկրաինայից, Մոլդովայից եւ Վրաստանից ժամանած 20-ից ավել ոլորտի ներկայացուցչի հետ: