Ամփոփվել են «Ներուժ 6.0» ծրագրի վեցօրյա ինտենսիվ աշխատանքի արդյունքները։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ յոթ տարի առաջ մեկնարկած «Ներուժ» ծրագիրը, որի նպատակն էր խթանել մասնագիտական հայրենադարձությունն ու Հայաստան բերել նոր գիտելիքներ եւ փորձառություն, այսօր վերածվել է հարթակի, որտեղ Հայաստանը եւ Սփյուռքը հանդիպում են ոչ միայն հիշողության, այլեւ` ապագայի գաղափարների շուրջ։
«Իմ սպասումները «Ներուժ»-ից այլ բնույթ ունեն․ այն հարթակ է, որտեղ համահայկական ներուժի համատեղ ուժով մենք բազմապատկում ենք մեր երազանքները եւ ամեն օր ջանք ու նվիրում ներդնում՝ Հայաստանը տեսնելով որպես մեծ նպատակներ ու երազանքներ ունեցող երկիր», – նշել է նախարարը:
32 ընտրված ստարտափ թիմերը ներկայացրել են իրենց նախագծերը փորձագիտական հանձնաժողովին, որի որոշմամբ ճանաչվել են վեց հաղթող թիմ։ Հաղթողները կստանան ֆինանսական աջակցություն՝ Հայաստան վերադառնալու եւ իրենց գաղափարները զարգացնելու նպատակով։ Մասնակից թիմերի կողմից ներկայացված գաղափարները գնահատվել են երկու` «Գաղափարի փուլ» եւ «Աճի փուլ» անվանակարգերով։
«Գաղափարի փուլ» անվանակարգում առաջին մրցանակին է արժանացել Patn'Pat ստարտափը` ստանալով 15 միլիոն ՀՀ դրամի ֆինանսավորում։ Ստարտափի հիմնական նպատակը Հայաստանի բնության մաքրման ապահովումն է։ Երկրորդ մրցանակին է արժանացել Taos/Kidguru LLC ստարտափը` ստանալով 10 միլիոն ՀՀ դրամ։ Այն առաջարկում է նորարարական լուծումներ՝ օգնելու ծնողներին հետեւել երեխայի զարգացմանը կյանքի սկզբնական էտապից։ Երրորդ տեղը Bisy ստարտափինն է, որը ստացել է 5 միլիոն դրամ ֆինանսավորում: Այն թվային բանկային հարթակ է` նախատեսված փոքր եւ միջին բիզնեսների, ֆրիլանսների եւ միկրոբիզնեսների կարիքների համար։
Ժյուրիի գնահատմամբ՝ «Աճի փուլ» անվանակարգում առաջին պատվավոր տեղը զբաղեցրել է New Norm ստարտափը, որի նպատակն է բարձրացնել հոգեթերապեւտների աշխատանքի արդյունավետությունը` կիրառելով ԱԲ-ի վրա հիմնված սեանսների վերլուծություն։ Երկրորդ տեղը զբաղեցրել է BeautyOS ստարտափը, որը ստեղծել է հարթակ՝ նախատեսված գեղեցկության սրահների եւ ոճաբանների կողմից տրամադրվող ծառայությունների կազմակերպման եւ կառավարման գործընթացը հեշտացնելու համար:
Երրորդ մրցանակին է արժանացել Optimyzee ստարտափը, որն արհեստական բանականությամբ աշխատող հարթակ է՝ նախատեսված բիզնեսներին օգնելու Google Ads արշավների ստեղծման, օպտիմալացման եւ արդյունավետ կառավարման համար։ Թիմերը համապատասխանաբար կստանան 30 միլիոն, 20 միլիոն եւ 10 միլիոն ՀՀ դրամ ֆինանսավորում։ Հաղթող թիմերը կշարունակեն իրենց զարգացումները Հայաստանում՝ ստանալով ոչ միայն ֆինանսական, այլեւ`մենտորական ու բիզնես աջակցություն։