Հոկտեմբերի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ինժեներական քաղաքի Բիզնես աքսելերատորի շենքի բացմանը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի ուղեկցությամբ վարչապետը շրջայց է կատարել շենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին:
Շենքի եւ ավտոկայանատեղիների կառուցման, տարածքի բարեկարգման, ինչպես նաեւ սարքավորումների եւ կահույքի ձեռքբերման համար 2024 թ. ծախսվել է 810.4 մլն դրամ, իսկ 2025թ. հոկտեմբերի 2-ի դրությամբ՝ շուրջ 1.2 մլրդ դրամ: Միջոցները հատկացվել են ՀՀ պետբյուջեից:
Նիկոլ Փաշինյանն այցելել է նաեւ Շառլ Ազնավուրի անվան Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոն, որտեղ ներկայացվել են առկա հնարավորություններն ու կենտրոնի գործունեությունից ակնկալվող արդյունքները:
Վարչապետը ծանոթացել է նաեւ «Հայաստան–Ճարտարագիտական շաբաթ» ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներին եւ նմուշներին, PMI Science ինժեներական լաբորատորիաների գործունեությանը:
Հանդիպում է տեղի ունեցել նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին: Դրանք վերաբերել են ոլորտի հետագա զարգացմանը, կառավարության արտաքին բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականությանը, իրական Հայաստանի գաղափարախոսությանը եւ այլ թեմաների:
Ինժեներական քաղաքը պետություն-մասնավոր գործընկերության հենքով ծրագիր է, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, Համաշխարհային բանկի, Ինժեներական ասոցիացիայի եւ մասնավոր հատվածի մի շարք ընկերությունների հետ համագործակցությամբ։
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել բարձր տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանում՝ ձեւավորելով ինովացիոն էկոհամակարգ, որտեղ ինժեներական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները հնարավորություն կունենան արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ մշակել եւ իրագործել նորարարական գաղափարներ` տեղական ու միջազգային շուկաների համար։