OpenAI-ի վիդեոգեներացնող հավելվածը՝ Sora-ն, iOS-ում թողարկման առաջին շաբաթվա ընթացքում գրանցել է ավելի մեծ հաջողություն, քան ChatGPT-ն, հայտնում է Appfigures-ը։

Ըստ տվյալների՝ Sora-ն իր առաջին 7 օրվա ընթացքում ունեցել է 627 հազար ներբեռնում, մինչդեռ ChatGPT-ն՝ 606 հազար։ Թեեւ համեմատությունն ամբողջությամբ արդար չէ, քանի որ ChatGPT-ն սկզբում հասանելի էր միայն ԱՄՆ-ում, իսկ Sora-ն՝ ԱՄՆ-ում եւ Կանադայում, նույնիսկ միայն ամերիկյան տվյալներով տարբերությունը զգալի է․ Կանադան տվել է մոտ 45 հազար ներբեռնում, այսինքն՝ Sora-ի գործարկումն ԱՄՆ-ում կազմել է ChatGPT-ի ցուցանիշի շուրջ 96%-ը։

Մասնագետները շեշտում են, որ սա ավելի տպավորիչ է, քանի որ Sora-ն մնում է միայն հրավերով հասանելի հավելված, մինչդեռ ChatGPT-ն սկզբից ավելի լայնորեն հասանելի էր։

Թողարկման առաջին օրը հավելվածը գրանցել է 56 հազար ներբեռնում, ինչի շնորհիվ միանգամից բարձրացել է մինչեւ App Store-ի ընդհանուր երրորդ հորիզոնական, իսկ արդեն հոկտեմբերի 3-ին զբաղեցրել առաջին տեղը։ Այսպիսով՝ Sora-ն առաջ է անցել Claude-ի եւ Microsoft Copilot-ի նման խոշոր AI հավելվածներից եւ հավասարվել xAI-ի Grok-ի գործարկմանը։

Սոցիալական ցանցերում արագ տարածվող Sora 2 մոդելով ստեղծված վիդեոները, որոնք հնարավորություն են տալիս գեներացնել իրականին շատ մոտ դիփֆեյքեր, լրացուցիչ ապացույց են Sora-ի տարածման արագ տեմպերի։ Սակայն այս նոր հնարավորությունները նաեւ խնդիրներ են առաջացրել․ օգտատերերը սկսում են ստեղծել մահացած մարդկանց դիփֆեյքեր։ Օրինակ՝ Ռոբին Ուիլյամսի դուստրը՝ Զելդա Ուիլյամսը, հրապարակավ կոչ է արել դադարեցնել իր հոր AI պատկերների գեներացումը։


Appfigures-ի տվյալներով, OpenAI-ի նոր վիդեոգեներացնող հավելվածը՝ Sora-ն, շուկա դուրս գալուց հետո շարունակում է գրանցել կայուն ներբեռնումներ։

Սեպտեմբերի 30-ին թողարկումից հետո հավելվածը iOS-ում հասել է ամենաբարձր ցուցանիշին հոկտեմբերի 1-ին՝ 107,800 ներբեռնումով մեկ օրում։ Հաջորդ օրերին ներբեռնումները տատանվել են՝ նվազագույնը 84,400 (հոկտեմբերի 6-ին) եւ առավելագույնը 98,500 (հոկտեմբերի 4-ին)։

Թեեւ թվերը մի փոքր նվազել են առաջին օրվա թռիչքից հետո, փորձագետները նշում են, որ սա շատ բարձր արդյունք է հավելվածի համար, որը դեռ հասանելի չէ բոլոր օգտատերերին եւ մնում է հրավերով։