12:29 | 06.11.25 | Նորություններ | 106
Apple-ը Google-ին տարեկան 1 միլիարդ դոլար կվճարի թարմացված Siri-ում Gemini մոդելի օգտագործման համար, հայտնում է Bloomberg-ի սյունակագիր Մարկ Գուրմանը:
Ըստ նրա՝ Apple-ը ցանկանում է օգտագործել Google-ի մոդելը որպես ժամանակավոր լուծում, մինչեւ սեփական մշակումները բավականաչափ հզոր դառնան: Երկար գնահատման ժամանակահատվածից հետո ընկերությունները վերջնականապես համաձայնության են գալիս, որը Apple-ին հասանելիություն կտա 1.2 տրիլիոն պարամետրերով Gemini մոդելին: Գործարքի պայմանների համաձայն՝ iPhone արտադրողը տարեկան մոտ 1 միլիարդ դոլար կվճարի տեխնոլոգիային հասանելիության համար:
Google-ի մոդելը պատասխանատու կլինի Siri-ի գործառույթների համար, որոնք կապված են տեղեկատվության մշակման եւ «բարդ առաջադրանքներ կատարելու վերաբերյալ որոշումներ կայացնելու» հետ: Այնուամենայնիվ, որոշ գործողությունների համար օգնականը կշարունակի օգտագործել Apple-ի սեփական մոդելները:
Գուրմանի խոսքով՝ ընկերությունները հավանաբար հրապարակային չեն հայտարարի գործընկերության մասին: Google-ի մոդելը կտեղակայվի Apple-ի սեփական Private Cloud Compute սերվերների վրա՝ օգտատիրոջ տվյալների գաղտնիությունն ապահովելու համար:
Bloomberg-ի աղբյուրների համաձայն՝ Apple-ը նաեւ քննարկել է այլ արհեստական բանականության մշակողների, այդ թվում՝ OpenAI-ի եւ Anthropic-ի հետ համագործակցությունը: Ընկերությունը նաեւ դիտարկել է Mistral AI-ը եւ Perplexity-ն ձեռք բերելու հնարավորությունը, սակայն, ի վերջո, հրաժարվել է այդ մտքից։ Վերջիվերջո, նախընտրել է Google-ի հետ գործընկերությունը։
Միեւնույն ժամանակ, Apple-ը աշխատում է սեփական 1 տրիլիոն պարամետրանոց մոդելի վրա, որը նախատեսում է ներկայացնել 2026 թվականին: Ընկերության ղեկավարությունը կարծում է, որ այն կարող է հասնել Gemini-ի եւ այլ առաջադեմ մոդելների հետ համեմատելի մակարդակի։