Նոյեմբերի 6-ին մեկնարկել է «Լոկալ մարտահրավերներ՝ գլոբալ լուծուﬓեր» խորագիրը կրող Ինտերնետ կառավարման հայաստանյան 10-րդ համաժողովը:
Միջոցառման ընթացքում քննարկվել են թվային ենթակառուցվածքների զարգացումը, ինտերնետի անվտանգությունն ու կարգավորման մեխանիզմները։
«Թվային ենթակառուցվածքներ․ ինտերնետի անվտանգություն, վստահություն եւ կարգավորում» պանելային քննարկմանը որպես բանախոս հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի պետ Արտյոմ Մեսրոպյանը։
Քննարկմանը նա անդրադարձել է ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ ԲՏԱ նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին՝ ընդգծելով, որ թվային ոլորտում կայուն, անվտանգ եւ վստահելի միջավայրի ապահովումը հնարավոր է միայն ինստիտուցիոնալ իրավական մեխանիզմների ներդրման միջոցով:
«Տվյալների պաշտպանությունը, կիբեռանվտանգությունը եւ տեղեկատվական համակարգերի կայունությունը մեր առաջնահերթություններից են։ Նախարարությունը շարունակաբար աշխատում է այնպիսի իրավական հիմքեր ձեւավորելու ուղղությամբ, որոնք կհամապատասխանեն ինչպես միջազգային ստանդարտներին, այնպես էլ Հայաստանի զարգացման ռազմավարական նպատակներին»,- նշել է նա։
Արտյոմ Մեսրոպյանն ասել է, որ թվային ենթակառուցվածքները թվային հասարակության եւ տնտեսության ձեւավորման հիմքն են։ Դրանց կայունությունն ու անվտանգությունը որոշիչ են կիբեռհարձակումների կամ տեխնիկական խափանումների դեպքում ծառայությունների անխափան մատուցման ապահովման տեսանկյունից:
Քննարկումների ընթացքում բանախոսներն անդրադարձել են Հայաստանում ինտերնետի զարգացման ներուժին, լայնաշերտ ինտերնետի հասանելիության ընդլայնմանը, կիբեռանվտանգությանը, ինչպես նաեւ թվային ծառայությունների մատուցման ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններին։
Համաժողովի նպատակն է քննարկել ինտերնետ կառավարման ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները, ոլորտի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մշակել առաջարկներ՝ Հայաստանում ինտերնետի զարգացումը եւ կիրառման հնարավորությունները ընդլայնելու համար։