Tinder-ը դիմում է արհեստական բանականությանը՝ վերակենդանացնելու իր ծանոթությունների հավելվածը, որն արդեն ինը եռամսյակ անընդմեջ գրանցում է վճարող բաժանորդների թվի նվազում։ 

Հավելվածի մայր ընկերությունը՝ Match Group-ը, ներդրողներին ուղղված զեկույցում նշել է, որ Tinder-ը փորձարկում է Chemistry անունով նոր ֆունկցիա, որը հարցերի միջոցով ավելի լավ կհասկանա օգտատերերին եւ նրանց թույլտվությամբ կօգտվի հեռախոսի Camera Roll լուսանկարներից՝ իմանալու նրանց հետաքրքրությունների եւ անձնական առանձնահատկությունների մասին։


Ֆունկցիան արդեն փորձարկվում է Նոր Զելանդիայում եւ Ավստրալիայում: Ըստ Match Group-ի գլխավոր գործադիր տնօրեն Սփենսեր Ռասքոֆի՝ այն կդառնա Tinder-ի 2026 թվականի արտադրանքի փորձառության «հիմնական սյուներից մեկը»։

Match-ը միակը չէ, որը ցանկանում է մուտք ունենալ օգտատերերի անձնական լուսանկարներին․ Meta-ն նույնպես անցած ամիս գործարկել է մի ֆունկցիա, որը խնդրում է թույլ տալ իր AI-ին վերլուծել այն լուսանկարները, որոնք դեռ չեք հրապարակել, որպեսզի առաջարկի AI խմբագրումներ։

Երկու դեպքում էլ օգտատիրոջ համար նման ընդլայնված մուտք տալու օգուտները բավականին չնչին են։

Match-ի դեպքում ընկերությունը նշում է, որ AI տեխնոլոգիայի օգնությամբ այն կտրամադրի ինտերակտիվ հարցեր եւ կուսումնասիրի օգտատիրոջը, որպեսզի առաջարկի ավելի համապատասխան զուգընկերներ։ Օրինակ՝ եթե ձեր լուսանկարներում արշավների կամ լեռնագնացության տեսարաններ կան, ապա հավելվածը կարող է ձեզ զուգադրել նման հետաքրքրություններ ունեցող մեկի հետ։

Այնուամենայնիվ, Tinder-ի հետ փորձարկումները բացասաբար են անդրադառնում ընկերության ֆինանսական արդյունքների վրա։

Ընկերությունը հայտնել է, որ չորրորդ եռամսյակի կանխատեսումների մեջ ներառվել է 14 միլիոն դոլարի բացասական ազդեցություն՝ Tinder-ի ուղիղ եկամուտների վրա, որն առաջացել է հենց այս արտադրանքի փորձարկումներից։ Դրա արդյունքում Match-ի կանխատեսվող եկամուտը կկազմի մինչեւ 875 միլիոն դոլար։

Match-ը AI-ը կիրառում է նաեւ այլ ուղղություններով․ օրինակ՝ Tinder-ում ներդրվել է մեծ լեզվական մոդելով (LLM) աշխատող համակարգ, որը նախազգուշացնում է օգտատերերին մինչեւ նրանք ուղարկեն հնարավոր վիրավորական հաղորդագրություն։ Բացի այդ, AI-ն օգնում է օգտատերերին ընտրել իրենց լավագույն լուսանկարները։