Թումո լաբերը կազմակերպում է 48 ժամ տեւողությամբ EnviTech x Human Rights իդեաթոնը, որը կանցկացվի դեկտեմբերի 13-14-ը։ 

Նպատակն է մշակել տեխնոլոգիական լուծումներ մարդու իրավունքների վրա անմիջական ազդեցություն ունեցող էկոլոգիական խնդիրների համար։

Իդեաթոնի արդյունքում մասնակիցներից կազմված թիմերն իրենց գաղափարները կներկայացնեն տեխնոլոգիաների ու էկոլոգիական իրավունքի ոլորտում կայացած միջազգային փորձագետներին։

Հաղթող թիմը կստանա 500 հազար դրամ գաղափարի հետագա զարգացման համար։

Ծրագրի ընթացքում կազմված 6 թիմ կմշակի իրագործելի ու արդիական գաղափարներ՝ բնապահպանական եւ կլիմայի հարցերին, ինչպես նաեւ բնապահպանությամբ հիմնավորված մարդու իրավունքների խնդիրներին տեխնիկական լուծումներ գտնելու համար։

Իդեաթոնն ընդգրկում է թեմաների լայն շրջանակ՝ օդի աղտոտման խնդրից մաքուր ջրին հասանելիություն, անտառների պաշտպանությունից կենսաբազմազանության մոնիտորինգ, բնապահպանական տվյալների թափանցիկությունից աղբի քարտեզագրում, եղանակի տեսությունում ԱԲ կիրառումից կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում։

Իդեաթոնի ընթացքում թիմերը կմասնակցեն թրեյնինգների՝ մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի հետ կապված գաղափարների մշակման, բիզնես մոդելի ձեւավորման եւ գաղափարների փիչինգի հմտությունների թեմաներով։ Նրանց հետ կաշխատեն նշված ոլորտների առաջատար մասնագետներ Հայաստանից ու արտերկրից։

Ծրագրին կարող են մասնակցել մարդիկ, որոնք հետաքրքրված են կլիմայի փոփոխության, շրջակա միջավայրի եւ մարդու իրավունքների հարցերով ու կյանքն էականորեն բարելավող տեխնոլոգիական լուծումներով։ Մասնակիցների աշխատանքային փորձն ու կրթությունը կարեւոր չէ։ 

Մասնակիցների տարիքային շեմը՝ 18-35 տարեկան։ Իդեաթոնին մասնակցելու համար կընտրվի 30 դիմորդ։
Դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 3-ն է, հայտը լրացնել հնարավոր է այստեղ։