Ucom-ը եւ Իմփաքթ Հաբ Երեւանը արագ մենտորության (Speed-Mentoring) ձեւաչափով հատուկ միջոցառում էին կազմակերպել Ucom Fellowship ինկուբացիոն ծրագրի 2025 թվականի մասնակիցների համար։ 

Շրջակա միջավայրի խնդիրների հաղթահարմանը միտված նախագծերի հեղինակները հնարավորություն են ունեցել հանդիպել կայուն զարգացման, բիզնեսի եւ տեխնոլոգիաների ոլորտների առաջատար մասնագետների հետ՝ իրենց տեխնոլոգիական եւ շրջանաձեւ տնտեսության վրա հիմնված նախաձեռնությունները զարգացնելու նպատակով։

Մասնակիցները ստացել են նպատակային խորհուրդներ բիզնեսի ընդլայնման, բնապահպանական ծրագրերի մշակման, ինչպես նաեւ հաղորդակցության, մարքեթինգի, ռազմավարական պլանավորման եւ դրամահավաքի գործընթացների ամրապնդման ուղղություններով։ 

Մենտորներին միացել էր նաեւ Ucom-ի Հասարակայնության կապերի եւ հաղորդակցության թիմը՝ տրամադրելով մասնագիտացված աջակցություն ռազմավարական հաղորդակցության, հաղորդագրությունների մշակման եւ հանրային ներգրավվածության հարցերում։

«Ucom Fellowship ծրագիրը մեզ համար պարզապես ուսումնական նախաձեռնություն չէ, այլ հարթակ՝ հայկական կանաչ նորարարությունները կյանքի կոչելու համար։ Մենք փոխանցում ենք փորձ, ուղղորդում եւ ոլորտային գիտելիք, որոնք կարող են արագացնել աճը եւ գաղափարները վերածել գործնական լուծումների։ Այդ պատճառով էլ շարունակելու ենք աջակցել այն նախագծերին, որոնք արձագանքում են բնապահպանական մարտահրավերներին եւ նպաստում երկրի կայուն զարգացմանը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ucom Fellowship ծրագիրը, որը Ucom-ի եւ Իմփաքթ Հաբ Երեւանի համատեղ նախաձեռնությունն է, նպատակ ունի հզորացնել շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը միտված նորարարական մոտեցումները եւ աջակցել դրանց վերածմանը կենսունակ, շուկային պատրաստ նախագծերի։

«Ucom Fellowship-ը նախատեսված է ոչ միայն տեսական գիտելիք փոխանցելու, այլեւ նորարարներին ուղղակի կապ տալու ոլորտի մասնագետների հետ։ Այս մենտորական հանդիպումը կարեւոր քայլ էր՝ նրանց գաղափարները զարգացնելու եւ վերածելու կենսունակ, արդյունավետ նախագծերի», - նշել է Իմփաքթ Հաբ Երեւանի գործադիր տնօրեն Գեւորգ Պողոսյանը։

2025 թվականի ծրագրի համար ընտրվել էր տասը մասնակից, որոնք ներկայացրել էին նախագծեր կանաչ նորարարության, շրջանաձեւ տնտեսության, կայուն էներգետիկայի, թափոնների նվազեցման, էկո-տուրիզմի, կենսաքայքայվող նյութերի, կրթական տեխնոլոգիաների եւ արհեստական բանականությամբ օպտիմիզացված լուծումների ոլորտներում։

Այս նախաձեռնությունն ընդգծում է երկու կազմակերպությունների համատեղ հանձնառությունը՝ կամրջելու տեսական գաղափարներն ու շուկային պատրաստ, կայուն լուծումները՝ ամրապնդելով Հայաստանի դիրքերը գլոբալ «կանաչ» տնտեսության ոլորտում։