FEMINNO ամենամյա միջազգային կոնֆերանսը համախմբել է հարյուրավոր մասնակցի՝ աշխարհի տարբեր երկրներից, երեք տարբեր բեմում անցկացվող հագեցած ծրագրով։ 

Միջոցառումը կայացել է «Ուժը հիմա․ նորարարություն, ազդեցություն, կանայք» խորագրի ներքո։ 

Գլխավոր բեմում հնչել են թեմատիկ բազմաշերտ ելույթներ․ Լոս Անջելեսից ժամանած Կարինե Սարգսյանը ներկայացրել է, թե ինչու է համարձակ նորարարությունն այսօր առավել կարեւոր, պորտուգալացի Հելեն Գիոմ Պաբիսը խոսել է կանանց ուժի մասին՝ ֆիզիկական հնարավորություններից մինչեւ տվյալների վրա հիմնված իրական ուժ ու ազդեցություն, իսկ Բոստոնից ժամանած Հարի Գլորիկյանը խոսել է ԱԲ դարաշրջանում փոխվող աշխարհի մասին, եւ թե ինչպես մարդիկ ու ազգերն ընդհանրապես պիտի արձագանքեն այդ փոփոխություններին։

Միջոցառման ժամանցային եւ ուսուցողական ակտիվ հատվածները ձեւավորել են FEMINNO 2025-ի յուրահատկությունը․ մինի ցուցահանդեսում ներկայացվել են կանանց հիմնած ընկերություններ ու նախաձեռնություններ, STEM փորձարկումների անկյունում փորձեր էին կատարվում, արագ մենտորության գոտում տեղի են ունեցել արժեքավոր հանդիպումներ, իսկ կին շախմատիստների մասնակցությամբ՝ շախմատի սեղանները դարձել են մտքերի պայքարի ու ընկերական մրցակցության վայր։

Այս տարի Սոնա Մնացականյանի անվան կին տաղանդների կրթաթոշակին արժանացել է 7 աղջիկ, որ աչքի էին ընկել STEM/ԲՏՃՄ ոլորտներում իրենց նվաճումներով, նվիրումով եւ ներուժով։ Կրթաթոշակի ֆոնդը ձեւավորվել է Հենսրի Լյուս հիմնադրամի աջակցությամբ, բայց առցանց դրամահավաքը դեռ շարունակվում է՝ ապահովելու, որ ավելի շատ աղջիկներ ստանան իրենց ապագան կերտելու անհրաժեշտ աջակցությունը։

«Սա պարզապես կոնֆերանս չէ՝ այն շարժում է։ Այս տարի մենք ոչ միայն խոսեցինք նորարարության մասին, այլ տեսանք, թե ինչպես են տարբեր երկրների, սերունդների ու ոլորտների կանայք միավորում իրենց ուժերը։ Տեխնոլոգիան, ստեղծարարությունը եւ ներառումը ուժ ստանում են միայն այն ժամանակ, երբ մարդիկ համարձակվում են գործել։ Իսկ #FEMINNO25-ի բեմերում այդ ուժը հստակ զգացվեց»,- նշել է ՖԵՄԻՆՆՈ-ի հիմնադիր Սեդա Պապոյանը։

Միաժամանակ ՖԵՄԻՆՆՈ-ն շարունակում է իր աճող գլոբալ ընթացքը։ Այս տարվա մարտից մասնաճյուղ է գործում Լոս Անջելեսում, իսկ դեկտեմբերին կբացվի նաեւ Նյու Յորքի մասնաճյուղը՝ ընդլայնելով հայկական նորարարական համայնքի միջազգային ներկայությունը։