16:56 | 29.12.25 | Նորություններ | 77
Team Holding ընկերությունը հայտարարում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առաջին փուլի տեղաբաշխման հաջող եւ վաղաժամկետ ավարտի մասին։
Տեղաբաշխումը նախատեսված էր մինչեւ 2026թ․ մարտի 3-ը, սակայն ավարտվել է 2025թ․ դեկտեմբերի 29-ին՝ ներդրողների բարձր հետաքրքրության արդյունքում։ Տեղաբաշխումն իրականացվել է Freedom Broker Armenia ներդրումային ընկերության միջոցով՝ ապահովելով գործընթացի ամբողջական թափանցիկությունն ու միջազգային չափանիշներին համապատասխան իրականացումը։
Առաջին փուլի շրջանակում տեղաբաշխվել են պարտատոմսեր ինչպես ԱՄՆ դոլարով, այնպես էլ ՀՀ դրամով։
ԱՄՆ դոլարով պարտատոմսերի ծավալը կազմել է 9 միլիոն ԱՄՆ դոլար՝ մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 9%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։
ՀՀ դրամով պարտատոմսերի ծավալը կազմել է 1,4 միլիարդ ՀՀ դրամ՝ մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100,000 ՀՀ դրամ, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 12%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։
Ծրագրային ազդագրով նախատեսված ՀՀ դրամով ծավալն ամբողջությամբ տեղաբաշխվել է, եւ ծրագրի շրջանակում այլեւս ՀՀ դրամով տեղաբաշխում չի իրականացվելու։
Պարտատոմսերը հիմնականում ձեռք են բերվել ֆիզիկական անձ հանդիսացող ներդրողների կողմից, ինչը վկայում է շուկայի լայն մասնակցության եւ ներդրումային հետաքրքրության աճի մասին։
Տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները Team Holding-ը կուղղի ռազմավարական առաջնահերթությունների իրականացմանը՝ ենթակառուցվածքային նախագծերի զարգացմանը, նորարարական լուծումների ներդրմանը եւ գործող նախագծերի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը։
«Պարտատոմսերի տեղաբաշխման՝ նախատեսված ժամկետից զգալիորեն վաղ ավարտը հերթական անգամ հաստատում է, որ Team ընկերությունների խումբը ներդրողների համար առաջարկում է հետաքրքիր եւ մրցունակ ներդրումային պայմաններ։ Սա հստակ ազդակ է շուկայի կողմից, որ մեր ընկերությունների խմբի զարգացման ռազմավարությունը՝ հիմնված թափանցիկության, կայուն աճի եւ երկարաժամկետ արժեք ստեղծելու վրա, արժանանում է ներդրողների բարձր վստահությանը»,- նշել է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը։
«Տեղաբաշխման վաղաժամկետ ավարտը ցույց է տալիս, որ ներդրողները բարձր են գնահատում կանխատեսելի, թափանցիկ եւ կառուցված ներդրումային գործիքները։ Այս թողարկումը կարեւոր քայլ է ոչ միայն Team Holding-ի, այլեւ հայկական կապիտալի շուկայի շարունակական զարգացման համար»,- նշել է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը։
Հիշեցնենք, որ պարտատոմսերի ծրագրային ազդագրով նախատեսված տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմում է 31,500,000 ԱՄՆ դոլար եւ 1,4 միլիարդ ՀՀ դրամ։
Ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում 2025թ․ նոյեմբերի 19-ի թիվ 1/417Ա որոշմամբ։
Ազդագրի էլեկտրոնային տարբերակին եւ հրապարակային առաջարկի հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ։ Թողարկողի եւ առաջարկվող պարտատոմսերի բոլոր պայմանները, ինչպես նաեւ դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում։