Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում բացվել է նոր համաստեղծման (co-creation) լաբորատորիա։
Կենտրոնը նպատակ ունի հզորացնել դեռահասներին եւ երիտասարդներին՝ նրանց համար հասանելի դարձնելով ժամանակակից գործիքները, տրամադրելով մենտորություն եւ համատեղ զարգացման հնարավորություններ։ Այն՝ Սիսիանում 2024 թվականի ապրիլին ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ EIF-ի գործընկերությամբ հիմնված համաստեղծման լաբորատորիայից հետո թվով երկրորդն է։
Նորաբաց կենտրոնը արդեն իր փորձնական փուլում ընդունել է 70 երիտասարդ՝ իրազեկման միջոցառումների եւ ներածական դասընթացների շրջանակում։ Առաջիկայում ակնկալվում է, որ այն տարեկան կսպասարկի ավելի քան 100 դեռահասի եւ երիտասարդի՝ առաջարկելով հմտությունների զարգացման շարունակական ծրագրեր, թվային գրագիտության աշխատարաններ եւ գործնական նախագծերի մշակման հնարավորություններ։
Որպես տարածաշրջանային նորարարական եւ ձեռնարկատիրական լաբորատորիա՝ Ագարակի համաստեղծման լաբորատորիան դեռահասներին, ուսանողներին, երիտասարդ նորարարներին եւ ստարտափներին տրամադրում է մի միջավայր, որտեղ կարելի է ուսումնասիրել գաղափարներ, փորձարկել եւ զարգացվել դրանք՝ վերածելով գործնականում կիրառելի լուծումների։ Մասնակիցները կունենան ոչ ֆորմալ կրթություն ստանալու հնարավորություններ, ոլորտի մասնագետների մենտորություն, ինչպես նաեւ իրենց հասակակիցների հետ համագործակցելու հնարավորություն՝ ստեղծարար, տեխնոլոգիական եւ ձեռնարկատիրական նախաձեռնությունների շուրջ։
«Այս լաբորատորիան միտված է բացահայտելու տեղական երիտասարդների ներուժը։ Սա մի տարածք է, որտեղ երիտասարդները կարող են ձեռք բերել նոր հմտություններ, փորձարկել գաղափարներ եւ ստեղծել թվային պրոդուկտներ, որոնք կնպաստեն Սյունիքի մարզի զարգացմանը։ Տարածաշրջանում գործող թվով երկրորդ համաստեղծման լաբորատորիայի շնորհիվ երիտասարդները հնարավորություն կունենան ուսումնասիրել թվային արվեստ, անիմացիա եւ մուլտիմեդիա նախագծեր, ինչպես նաեւ մասնակցել տեխնոլոգիական հաքաթոնների, սեմինարների եւ գործնական աշխատարանների», – նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։
«Մեր նպատակն է արագացնել տեխնոլոգիական ոլորտի զարգացումը Սյունիքի մարզում եւ բացահայտել դրա նորարարական ներուժը՝ ներդրնելով հօգուտ տեղական տաղանդի դրսեւորման եւ ստեղծելով հնարավորություններ, որպեսզի երիտասարդները կարողանան զարգանալ հենց այնտեղ, որտեղ ապրում են», - ասել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
Նախագիծն իրականացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF), Մեղրիի համայնքապետարանի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Նորարարությունների գրասենյակի աջակցությամբ։