ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր տեղեկացրել է, որ վերջին շրջանում բազմաթիվ նամակներ են ստացվում ծնողներից՝ երեխաների անվտանգությանն առնչվող մտահոգություններով, մասնավորապես, Roblox եւ մի շարք այլ խաղային հարթակների բացասական ազդեցությունների վերաբերյալ: 

Արձագանքելով այդ մտահոգություններին՝ նախարարը նախաձեռնել է երկխոսություն ծնողների եւ մանկավարժների հետ՝ լսելու նրանց կարծիքներն ու առաջարկությունները: 

Հանդիպումների ընթացքում հավաքված դիտարկումների հիման վրա կծավալվեն միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն երեխաների համար անվտանգ եւ պաշտպանված թվային միջավայրի ապահովմանը: 

«Կցանկանայի այս հարթակով երկխոսություն ունենալ ծնողների, մանկավարժների հետ եւ իմանալ ավելին իրենց մտահոգությունների մասին, որոնք առաջանում են, երբ երեխաներն օգտագործում են այնպիսի խաղային հարթակներ եւ խաղեր, ինչպիսին են Roblox-ը, Minecraft-ը, Brawl Stars-ը, Fortnite-ը, PUBG-ին եւ այլն։ 

Գոյություն ունեն տարբեր գնահատականներ նմանատիպ խաղերի ստեղծագործական առավելությունների եւ, միեւնույն ժամանակ, վնասակար սովորությունների եւ տարաբնույթ վտանգների վերաբերյալ։ Ցանկանում եմ ավելի շատ կարծիքներ ստանալ ծնողների մոտեցումների եւ մտահոգությունների մասին, եւ արդյունքում կփորձենք մեր իրավասությունների շրջանակներում նվազեցնել այդօրինակ ռիսկերը՝ երեխաների համար ավելի անվտանգ թվային միջավայրի ձեւավորմանը միտված մեր աշխատանքների շրջանակում։ Խնդրում եմ մեկնաբանությունների հատվածում գրել ձեր մտահոգությունները եւ, առհասարակ, դիտարկումները։ 

Ստացված արձագանքների հիման վրա նախատեսում ենք կազմակերպել հանդիպում եւ անցկացնել ավելի լայն քննարկում՝ տարբեր գերատեսչությունների մեր գործընկերների, ծնողների եւ մասնագետների մասնակցությամբ»,- գրել է նախարարը։

Քննարկմանը հետեւել եւ մասնակցել հնարավոր է այստեղ։