Viva-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանը՝ ներդնելով համապարփակ թվային լուծումներ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում։ 

Այսուհետ Մատենադարանի ձեռագրերի պահպանման համար կլիմայի մշտադիտարկման՝ IoT նորագույն լուծումների վրա հիմնված համակարգի շնորհիվ կապահովվի ավտոմատացված եւ թվայնացված մոնիթորինգ։

Հնագույն ձեռագրերը պահանջում են ոչ միայն հոգատար վարվելակերպ, այլեւ՝ վերահսկվող, չափելի եւ կայուն միջավայր: Թանկարժեք ֆոնդերի ջերմաստիճանի վերահսկումն իրականացվում էր ավանդական մեթոդով՝ սնդիկային ջերմաչափերով, ինչը սահմանափակում էր դիտարկումների ճշգրտությունը եւ արձագանքի արագությունը: Viva IoT Hub հարթակը Մատենադարանի աշխատակիցներին կօգնի արագ հայտնաբերել եւ կանխել պոտենցիալ ռիսկերը, որոնք կարող են խնդիրներ առաջացնել ձեռագրերի պահպանման համար։ 

Բացի այդ, նոր համակարգը տալիս է հեռավար մոնիթորինգի ու տվյալների երկարաժամկետ վիճակագրության հնարավորություն, ինչի շնորհիվ մասնագետները կարող են աշխարհի ցանկացած կետից վերահսկել ու արդյունավետորեն իրականացնել ֆոնդերի պահպանման գործընթացը։ Սահմանված ցուցանիշներից ցանկացած շեղման դեպքում պատասխանատու անձն անմիջապես կստանա ծանուցում SMS հաղորդագրության եւ էլեկտրոնային փոստի միջոցով։

«Դարավոր մշակութային ժառանգության պահպանումն այսօր պահանջում է ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ: Viva IoT Hub-ը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կերպով վերահսկել հին ձեռագրերի պահպանման պայմանները։ Սրանք պարզապես «թանգարանային տվիչներ» չեն, այլ ամբողջական լուծում, որը ներառում է սենսորների հավաքածու, կապի ալիքներ, հավաքագրման, վերլուծության, վիզուալիզացման եւ նախազգուշացման համակարգ, ինչպես նաեւ օգտագործողի համար հարմար ինտերֆեյսի վահանակ, որը ներկայացնում է տվյալները հարմար ձեւաչափով։ Այն Viva-ի կորպորատիվ հաճախորդներին ցուցաբերած մոտեցման օրինակ է՝ միասնական B2B հարթակ եւ ամբողջական ներդրման ցիկլ։ Ամիսներ առաջ Viva-ն Մատենադարանի համար ձեռք էր բերել շատ կարեւոր մի ձեռագիր, որը 100 տարի կորսված էր համարվում: Այսպիսով՝ Viva-ն մասնակցում է ինչպես «ձեռագրերի վերադարձին», այնպես էլ վերադարձված գանձերի անվտանգ պահպանմանը», - ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը: 
 
Viva IoT Hub-ը ոչ միայն թույլ կտա պահպանել Մատենադարանի ֆոնդերի օպտիմալ ջերմաստիճանը, այլեւ կվերահսկի խոնավության մակարդակը, ածխաթթու գազի (CO₂) պարունակությունը եւ մթնոլորտային ճնշումը, ինչը կարեւոր նշանակություն ունի եզակի ձեռագրերի պահպանման համար։ Համակարգը հավաքում եւ գրանցում է տվյալներ իրական ժամանակում, վերլուծում դրանք, կազմում է հաշվետվություններ, ապահովում է հեռակա մոնիթորինգ եւ շեղումների դեպքում տեղեկացնում է պատասխանատուներին (SMS եւ էլեկտրոնային փոստ):

«Մեծապես ուրախ ենք, որ ի դեմս Viva ընկերության՝ Մատենադարանը ձեռք է բերում բարձրակարգ, պրոֆեսիոնալ եւ բարձր սոցիալական պատասխանատվությամբ գործընկերոջ։ Մշտադիտարկման այս համակարգը, որ հույժ կարեւոր է ձեռագրերի անվտանգության համար, երկրորդ համագործակցությունն է Viva ընկերության հետ։ Սրան նախորդել էր խորհրդանշական մի նախաձեռնություն․ Viva ընկերության աջակցությամբ 2025թ․-ին ձեռք բերեցինք շուրջ 100 տարի առաջ կորսված փրկագործ Ավետարան։ Այսպիսով՝ մեր գործընկերը մասնակից է Մատենադարանի երկու ռազմավարական նախաձեռնության՝ «Մատյանների տունդարձը» արշավին եւ վերադարձած մատյանների անվտանգ պահպանմանը։ Մենք հարուստ ենք այս համագործակցությամբ»,- նշել է Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանը։

Նախագիծը ցույց է տալիս, թե ինչպես են Viva-ի ժամանակակից E2E լուծումները, որոնք հիմնված են բազմաֆունկցիոնալ B2B IoT Hub հարթակի վրա, օգնում ստեղծել արժեքավոր ակտիվների պահպանման վերահսկվող միջավայր եւ միաժամանակ ծառայում որպես վառ օրինակ տարբեր ոլորտների ընկերությունների համար։

Նախագիծը ներառում է նաեւ ձեռագրերի պահպանման պայմանների վերաբերյալ մասնագիտացված տվյալների բազայի ստեղծում, ինչը հնարավորություն կտա վերլուծել գործընթացները, բացահայտել միտումները եւ մշակել մշակութային ժառանգության պահպանման առավել արդյունավետ ռազմավարություն։

Viva IoT Hub-ը բիզնեսի համար նախատեսված մեկ հարթակ է, որը կարող է միավորել բազմաթիվ ոլորտներ՝ մշակույթ, կոմերցիոն նշանակության գույք, գրասենյակներ, արտադրություն, լոգիստիկա, ՀոՌեԿա սերվիս, ֆինանսական սեկտոր, կոմունալ ենթակառուցվածքներ, հանքարդյունաբերություն, շրջակա միջավայրի մոնիթորինգ, ինչպես նաեւ իրականացնել վերջնական սարքերի կառավարման սցենարներ՝ ավտոմատացված ռեժիմով, ինչը բարձրացնում է բիզնեսի արդյունավետությունը եւ նվազեցնում ծախսերը։