OpenAI-ը թողարկել է իր GPT-5.3-Codex մոդելը, որն ըստ ընկերության` համատեղում է GPT-5.2-Codex-ի մշակման հնարավորությունները GPT-5.2-ի դատողական հմտությունների հետ։
GPT-5.3-Codex-ն օգնել է ինքն իրեն զարգանալ, պնդում է OpenAI-ը։ Մշակողներն օգտագործել են դրա վաղ տարբերակները հետագա ուսուցման, ինչպես նաեւ արդյունքների փորձարկման եւ գնահատման համար։
Թարմացված մոդելը թույլ է տալիս Codex-ին ոչ միայն գրել կոդ եւ ստուգել այն, այլեւ կատարել ցանկացած առաջադրանք, որը ծրագրավորողներն ու մասնագետները սովորաբար կատարում են համակարգչով: Օրինակ` կարող է խմբագրել տեքստ, ստեղծել աղյուսակներ եւ պրեզենտացիաներ, անցկացնել հետազոտություններ եւ այլն։
Ըստ OpenAI-ի՝ GPT-5.3-Codex-ը կարող է ստեղծել բարձր ֆունկցիոնալությամբ, բարդ խաղեր եւ ծրագրեր զրոյից մի քանի օրվա ընթացքում։
Մոդելը 25%-ով ավելի արագ է, քան նախորդ տարբերակը, ավելի լավ է հասկանում նույնիսկ անորոշ հարցումները եւ ստեղծում է ավելի ֆունկցիոնալ կայքեր: Այն նաեւ մարզվել է ծրագրային խոցելիություններ գտնելու եւ կիբեռանվտանգության այլ առաջադրանքներ կատարելու համար։
GPT-5.3 Codex-ը հասանելի է ChatGPT բաժանորդներին կայքում եւ Codex հավելվածում: API մուտքը կավելացվի ավելի ուշ: