14:41 | 11.02.26 | Նորություններ | 124
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Amazon Web Services (AWS) ընկերության պատվիրակության, մասնավորապես, Հանրային քաղաքականության միջերկրածովյան, կենտրոնական-արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրեն Ֆրանկո Սպիցիարելլոյի եւ հանրային քաղաքականության, միջազգային հարաբերությունների ղեկավար Սարգիս Ղազարյանի հետ։
Հանդիպումը ռազմավարական երկխոսության շարունակությունն էր՝ ԲՏԱ նախարարության եւ AWS-ի միջեւ նախկինում ստորագրված փոխըմբռնման հուշագրի, ինչպես նաեւ 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված ԱՄՆ-Հայաստան արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի շրջանակում:
Նշված փաստաթղթերը միտված են առաջատար տեխնոլոգիաների (edge technologies) ներդրմանը՝ որպես Հայաստանի տնտեսական արդիականացման եւ դիմակայունության կարեւոր շարժիչ ուժեր:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդմանը եւ հաջորդ սերնդի լուծումների ներդրմանը՝ արդյունաբերության, կրթության եւ հանրային ծառայությունների բնագավառներում։
Հանդիպման առանցքային թեմաներից էր Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի (AIVI) շարունակական զարգացումը, որտեղ AWS-ը հանդես է գալիս որպես ռազմավարական գործընկեր՝ տրամադրելով ամպային տեխնոլոգիաների լուծումներ, տեխնիկական փորձագիտական աջակցություն եւ կարողությունների զարգացման գործիքակազմ։
Ինստիտուտը դիտարկվում է որպես կիրառական հետազոտությունների, աշխատուժի զարգացման եւ նորարարության հարթակ՝ արհեստական բանականության հետ առնչվող ուղղություններով՝ համապատասխան միջազգային չափանիշներին եւ շուկայի փոփոխվող պահանջներին։
Քննարկվել են նաեւ արբանյակային հաղորդակցությունների եւ տիեզերական տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայությունների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները` ամպային հարթակների կիրառումն անվտանգ կապի, տվյալների մշակման եւ առաջատար հաշվողական լուծումների (edge computing solutions) ապահովման համատեքստում։
Հանդիպման ավարտին քննարկվել են նաեւ Հայաստան–ԱՄՆ տեխնոլոգիաների եւ նորարարության գագաթաժողովում բարձրացված նախաձեռնությունների գործնական առաջմղման հարցերը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցության հետագա քայլերի շուրջ՝ առաջատար տեխնոլոգիաների ներդրման եւ Հայաստանի թվային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։