Մարտի 2-ին Բարսելոնայում մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2026» (Mobile World Congress 2026) միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը։ 

«ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով ԲՏԱ նախարարությունը միջոցառմանը մասնակցում է չորրորդ անգամ՝ հնարավորություն ընձեռելով ոլորտային կազմակերպություններին որպես այցելու մասնակցել ցուցահանդեսին, ներկայացնել իրենց կողմից առաջարկվող արտադրանքն ու լուծումները, ինչպես նաեւ հաստատել նոր գործարար կապեր միջազգային գործընկերների հետ։ 

Ցուցահանդեսին որպես այցելուներ մասնակցում է 15 հայկական տեխնոլոգիական կազմակերպություն։ Նրանք ցուցադրում են կապի նորագույն տեխնոլոգիաներ, արհեստական բանականության լուծումներ եւ այլն։

Տաղավարում ներկայացված են նաեւ ԲՏԱ նախարարության ծրագրերը, «Հայաստանի ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը, «Ինժեներական քաղաք» ծրագիրը, ինչպես նաեւ ՀՀ կառավարության, Firebird եւ NVIDIA համագործակցության ծրագիրը։ 
MWC-ն աշխարհի խոշորագույն եւ հեղինակավոր տեխնոլոգիական հարթակներից մեկն է, որը համախմբում է հազարավոր ընկերությունների, ստարտափների եւ ոլորտի առաջատար մասնագետների տարբեր երկրներից։ 

Միջոցառումը ներառում է նաեւ ոլորտային համաժողովներ, կլոր սեղան- քննարկումներ, օտարերկրյա պետական բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ մի շարք միջազգային դերակատարների մասնակցությամբ պանելային քննարկումներ, որոնք հնարավորություն կընձեռեն մասնակիցներին գործարար կապեր հաստատել ոլորտի ներկայացուցիչների եւ որոշում կայացնողների հետ։