Meta-ն հայտնել է, որ Moltbook-ը կդառնա Meta Superintelligence Labs-ի մաս, իսկ նախագծի հիմնադիրներ Մեթ Շլիխտը եւ Բեն Պարը կմիանան նույն թիմին։ 

Meta-ի արհեստական բանականության արտադրանքի ղեկավար Վիշալ Շահը գրել է, որ Moltbook-ի հաճախորդները կարող են շարունակել օգտագործել հարթակը։ Սակայն ընկերությունը «հստակեցրել է, որ սա ժամանակավոր է», նշում է Axios-ը։

Moltbook-ը գործարկվել է 2026 թվականի հունվարի վերջին։ Օգտատերերը կարող են իրենց AI գործակալին միացնել սոցիալական ցանցին, որը կկարողանա գրառումներ անել ու մեկնաբանել այլ «օգտատերերի» գրառումները։ AI գործակալ չունենալու դեպքում, նրանք առաջարկում էին ստեղծել այն OpenClaw-ի միջոցով։

2026 թվականի փետրվարին OpenAI-ը վարձել է OpenClaw-ի ստեղծող Պիտեր Սթայնբերգերին։ Նա կղեկավարի «արհեստական բանականության գործակալների հաջորդ սերնդի» մշակումը, մինչդեռ OpenClaw-ը կկառավարվի հատուկ ստեղծված հիմնադրամի կողմից եւ կմնա բաց կոդով նախագիծ։

2025 թվականի դեկտեմբերին Bloomberg-ը հայտնել էր, որ Meta-ն ձեռք կբերի արհեստական բանականության գործակալ Manus-ի մշակողին։ Ընկերությունը կշարունակի վաճառել արհեստական բանականության գործակալին հասանելիության իրավունքը եւ այն կինտեգրի իր սպառողական եւ բիզնես արտադրանքներում։ Գործարքի պայմանները չեն բացահայտվել։