ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ), Հայաստանի օպերատորների միության, Հեռահաղորդակցության միջազգային միության եւ «For Ladies Club»-ի հետ համատեղ կազմակերպել էր հանդիպում-քննարկում՝ «Երեխաների անվտանգությունը մեր համատեղ պատասխանատվությունն է» թեմայով։

Միջոցառումն անցկացվել է կանանց միամսյակի շրջանակում՝ կարեւորելով կնոջ եւ հատկապես մայրերի դերակատարությունը երեխաների կրթության, դաստիարակության եւ թվային միջավայրում նրանց անվտանգության ապահովման գործում։ Հանդիպմանը մասնակցում էին մանկավարժներ, մայրիկներ եւ ոլորտով հետաքրքրված այլ մասնակիցներ, որոնք հնարավորություն ունեցան քննարկելու երեխաների առցանց անվտանգության արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարման ուղիները։

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Մարթա Սանդոյանը։ Նա ներկայացրել է նախարարության կողմից երեխաների առցանց պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաեւ այդ գործընթացներում հանրային իրազեկվածության բարձրացման կարեւորությունը։ 

«For Ladies Club»-ի համահիմնադիր Մարիամ Մարտիրոսյանը կարեւորել է նման քննարկումների անցկացումը եւ ընդգծելով, որ երեխաների անվտանգությունը թվային միջավայրում պահանջում է ինչպես մասնագետների, այնպես էլ ծնողների ակտիվ ներգրավվածություն եւ համագործակցություն։

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության Ռազմավարական հաղորդակցման բաժնի ղեկավար Հայկանուշ Բագրատունյանը, կարողությունների զարգացման պատասխանատու Անժելա Գալստյանը եւ կրտսեր վերլուծաբան Կարապետ Տաշյանը ներկայացրել են ոլորտին առնչվող թեմաներ՝ անդրադառնալով կիբեռանվտանգությանը, ֆիշինգին եւ առցանց ռիսկերին վերաբերող այլ հարցերին։ 

Ներկայացվել են կիբեռանվտանգության արդի մարտահրավերները, տվյալների պաշտպանության մշակույթը, արհեստական բանականության (ԱԲ) կիրառման ռիսկերի եւ վտանգների կանխարգելումը։ Միաժամանակ շեշտադրվել է ԱԲ կարեւորությունը ժամանակակից աշխարհում, մասնավորապես՝ կրթական ոլորտում դրա արդյունավետ կիրառման համատեքստում: Առանձնակի անդրադարձ է կատարվել դիփֆեյքերի (deepfake) ազդեցությանը եւ ապատեղեկատվությունից պաշտպանվելու հասանելի գործիքներին։
Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը, ներկայացնելով նաեւ Հեռահաղորդակցության միջազգային միության հետ համագործակցության շրջանակում իրականացվող նախաձեռնությունները, խոսել է ծնողների դերի մասին երեխաների առցանց անվտանգության ապահովման գործընթացում՝ ընդգծելով ընտանիքի եւ հատկապես ծնողների ներգրավվածության կարեւորությունը։