Open Data Armenia կազմակերպությունն ամփոփել է OpenData2026 մրցույթի արդյունքները եւ պարգեւատրել մրցույթի հաղթողներին՝ Բաց տվյալների օրվա միջոցառումների շրջանակում։

Մրցույթի՝ Մշակութային հավելվածներ անվանակարգում հաղող է ճանաչվել Գեւորգ Ծատուրյանի կողմից ներկայացված ԱրիՊարի նախագծի հանրագիտարանը։ Այն հայկական ազգագրական պարերի տեսանյութերի, տեսադասերի, երաժշտությունների եռալեզու շտերամարան է, որի նպատակն է պահպանել ու տարածել հայկական պարարվեստը։

Մշակութային հավելվածների երկրորդ տեղը զբաղեցրել է երկու աշխատանք։ Մեկը՝ Անի Թադեւոսյանի «Արեւանք» նախագիծը, որ հայկական կրոնական ճարտարապետության շտեմարան է՝ ներկայացված վիճակագրությամբ եւ ժամանակագրությամբ։

Երկրորդ տեղը զբաղեցրած մյուս աշխատանքում Անի Հովհաննիսյանը ներկայացնում է Հայաստանի թագավորական դինաստիաները եւ առանձին թագավորների պատմությունները։

OpenData2026 մրցույթի՝ Տվյալների ներկայացում եւ վիզուալիզացիա անվանակարգում հաղթող է ճանաչվել Արեն Նազարյանի ներկայացրած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից տվյալների ավտոմատացված արտահանման գործիքը։ Այն թույլ է տալիս արագացված ստուգել եւ համադրել պաշտոնյաների հայտարարագրերում առկա եկամուտների եւ ունեցվածքի մասին տեղեկությունները։

Այս անվանակարգում նույնպես երկրորդ տեղը զբաղեցրել է միանգամից երկու աշխատանք՝ հավասար միավորներով։ Նրանցից մեկը Տիգրան Շահվերդյանի ներկայացրած Բյուջետային գործիքն է, որը համադրում է ՀՀ 2019-2025 թթ բյուջեների թվային տվյալները, թույլ է տալիս արագ համեմատություններ ու վերլուծություն իրականացնել։

Մյուս մրցանակակիր աշխատանքը Աստղիկ Պետրոսյանի ներկայացրած Բուհական ընդունելության ատլասն է, որ մեկ տեղում է հավաքել Հայաստանի 13 բուհերի դիմումների ներկայացման, մրցութային բալերի, պահանջվող քննությունների մասին տեղեկությունները։

Մրցույթի մրցանակային ֆոնդը 3000 ԱՄՆ դոլար էր։ Մրցույթը Հայաստանում անցկացվում է երրորդ անգամ Open Data Armenia կազմակերպության կողմից, որը զբաղվում է Հայաստանում Բաց տվյալների առաջխաղացմամբ, դրանց հիման վրա հանրօգուտ աշխատանքների խրախուսմամբ ու այս ոլորտում կրթական ծրագրերով։