Մարտի 17-ին մեկնարկել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնած Ռոբոտների հաքաթոնը։
Եռօրյա միջոցառման նպատակն է խթանել ռոբոտաշինության, ծրագրավորման եւ մեխատրոնիկայի ոլորտներում երիտասարդ մասնագետների հմտությունների զարգացումը, ինչպես նաեւ ձեւավորել նորարարական մտածողություն եւ խրախուսել թիմային աշխատանքը։
ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի խոսքով՝ նման նախաձեռնությունները նպաստում են երիտասարդների ներուժի բացահայտմանը եւ ստեղծում հարթակ՝ գիտելիքն ու գաղափարները գործնական արդյունքների վերածելու համար։
Միջոցառմանը մասնակցելու հայտ է ներկայացրել 75 թիմ, որոնցից գնահատման հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում ընտրվել է 36 թիմ՝ Երեւանից ու Հայաստանի բոլոր մարզերից։
Հաքաթոնի ընթացքում մասնակիցներն աշխատելու են տարբեր ինժեներական խնդիրների լուծման ուղղությամբ՝ առաջարկելով նորարարական եւ կիրառելի գաղափարներ։
Թիմերի աշխատանքները գնահատելու են ոլորտի առաջատար մասնագետները։ Մասնակիցների հետ կաշխատեն նաեւ փորձառու մենթորներ՝ աջակցելով գաղափարների զարգացմանն ու դրանց տեխնիկական իրագործմանը։