17:31 | 23.03.26 | Նորություններ | 171
Viva-ն եւ «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպությունը աստղագիտական գարունը մեկնարկել են արդյունավետ ցուցանիշներով: Լոռու մարզի երեք տարբեր հատվածում, որտեղ գործընկեր կազմակերպություններն անտառտնկում են իրականացրել, հաղթահարվել է սկզբնական աճի փուլը:
Մշտադիտարկման արդյունքները դրական են, կպչողականությունը ցանկալի մակարդակի վրա է: Ձեւավորվող երիտասարդ անտառների առկայությունը կնպաստի օդի մաքրությանը, կլիմայի կարգավորմանը, ջրային պաշարների պահպանությանը, հողի պաշտպանությանն ու կենսաբազմազանության ապահովմանը: Կնվազեն սելավների, անապատացման, սողանքների, հողի էրոզիայի հավանականությունը:
Մեկ հեկտար անտառ ստեղծելն արագ գործընթաց չէ: Սկզբնական աճի համար պահանջվում է նվազագույնը երեք, երիտասարդ կայուն տնկարկի ձեւավորման համար՝ 10-15, լիարժեք հասուն անտառսյին էկոհամակարգ ունենալու համար՝ ավելի քան 50 տարի: Ընդամենը 11% անտառածածկույթ ունեցող Հայաստանում գործընկեր կազմակերպությունները տնկել են ավելի քան 43 000 ծառ, 14 հեկտարի վրա իրականացվել են անտառի ձեւավորման աշխատանքներ:
«Կլիմայի գլոբալ փոփոխության հետեւանքները մեղմելու թեման տարեցտարի ավելի արդիական է դառնում աշխարհում: Բնական աղետներից խուսափելու լավագույն տարբերակներից մեկն անտառներ ստեղծել է: Այն չպետք է շփոթել դասական ծառատունկի հետ, քանի որ անտառը կենդանի համակարգ է: Հաճելի է արձանագրել, որ տարիների՝ մեր գործադրած ջանքերն ապարդյուն չեն անցել: Կարեւորագույն՝ սկզբնական աճի փուլը հաղթահարված է: Ձեւավորվող երիտասարդ անտառների դրական ազդեցությունը երաշխավորված կլինի»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
2022 թվականին Viva-ն անվանական անտառ է ստեղծել Ջրաշեն համայնքի տարածքում: Աշխատանքներին կամավորագրվել են ընկերության աշխատակիցները: Հաջորդող տարիներին անտառտնկման աշխատանքներ են կատարվել սողանքներից չերաշխավորված երկու համայնքում՝ Ուրասարում եւ Լեռնաջուրում։ Գործակցության հիմքում եղել է պատասխանատում մոտեցումը եւ երկարաժամկետ ռազմավարությունը:
«Viva-ի հետ աշխատել ենք բարձր լեռնային հատվածներում, երեք տարբեր տարածաշրջաններում՝ սկսած դեռ 2022 թվականից։ Այս շարունակական համագործակցությունը մեզ թույլ է տվել ոչ միայն մեծածավալ աշխատանքներ իրականացնել, այլ նաեւ երկարաժամկետ պլանավորում անել։ Անտառների ստեղծումը պահանջում է բոլորիս նվիրումը, բայց նաեւ բոլորիս համառությունն ու հավատը մեր ընդհանուր տեսլականի նկատմամբ, որն է անտառներով ավելի հարուստ, կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայուն, առողջ շրջակա միջավայրով երկիր»,- ասել է «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը։
Բոլոր վայրերում օգտագործվել է տեղի բնակչության աշխատուժը: «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնական աշխատողների 75%-ը եղել է Լոռու մարզի բնակիչներից: Որպես աշխատուժ յուրաքանչյուր սեզոնին համայնքներից հավաքագրվել է մինչեւ 200 աշխատակից:
Արդեն երկու տասնամյակ Հայաստանի տարբեր մարզերում բնապահպանական նշանակության ծրագրեր իրականացնող Viva-ն հետեւողական ջանքեր է գործադրում «կանաչ մտածողության» ապահովման ուղղությամբ: