17:58 | 26.03.26 | Նորություններ | 239

Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի թեկնածուին

ՀՀ ազգային ժողովի լիագումար նիստում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է «Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի» նախագահի թեկնածուին։ 

Օրենսդրությամբ սահմանված քվոտայի համաձայն՝ ՀՀ կառավարության կողմից այդ պաշտոնում առաջադրվել է Ներսես Երիցյանի թեկնածությունը՝ 5 տարի ժամկետով։

Նախարարն իր ելույթում կարեւորել է Ներսես Երիցյանի՝ շուրջ 23 տարվա մասնագիտական փորձառությունը, որը նա ձեռք է բերել թե՛ ֆինանսական համակարգի թվային լուծումների ձեւավորման, թե՛ պետական կառավարման ոլորտում։ Նրա առաջնորդությամբ իրականացվել են թվային նույնականացման գործընթացների բարելավման, էլեկտրոնային տնտեսության խթանման եւ հասարակության թվային վերափոխմանն ուղղված մի շարք ծրագրեր։

Հաջորդիվ, նախարար Հայրապետյանը հանձնաժողովի անդամի պաշտոնում (4 տարի ժամկետով) ներկայացրել է Նաիրի Ադամյանի թեկնածությունը՝ ընդգծելով, որ վերջինս ունի ավելի քան 10 տարվա մասնագիտական փորձ, այդ թվում՝ 7 տարվա ղեկավար պաշտոններում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ թվային համակարգերի կառավարման ոլորտում։

Հանձնաժողովի առաջին կազմի անդամի՝ արդեն 3 տարի պաշտոնավարման ժամկետով ներկայացվել է Սրբուհի Հակոբյանի թեկնածությունը։ Նշվել է, որ նա 2023-ից հանդիսանում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության ֆինանսական տնօրենը։ Ունի ավելի քան 40 տարվա աշխատանքային փորձ  խորհրդատվական ծառայությունների եւ ֆինանսատնտեսական ոլորտներում։