Yandex Armenia-ի Գյումրու եւ Վանաձորի Ծրագրավորման դպրոցի աշակերտներն այցելել են ընկերության երեւանյան գրասենյակ։ 

Դպրոցականների համար անցկացվել է շրջայց, կազմակերպվել են հանդիպումներ թիմերի հետ։ Ընկերության մասնագետները պատասխանել են ՏՏ ոլորտում աշխատանքի, ընկերության տեխնոլոգիաների եւ արտադրանքների վերաբերյալ հարցերին։ Նման միջոցառումները լրացնում են դպրոցի ուսումնական ծրագիրը՝ օգնելով մարզերի դեռահասներին ավելի լավ պատկերացնել, թե ինչպես է կազմակերպվում աշխատանքը տեխնոլոգիական ընկերություններում, ինչպես նաեւ ծանոթանալ ոլորտին եւ կողմնորոշվել իրենց հետագա մասնագիտական զարգացման ուղղության ընտրության հարցում։

Միջոցառմանը մասնակցել է 60 աշակերտ՝ Գյումրիից եւ Վանաձորից։ 


Yandex Armenia-ի մասնագետները, այդ թվում՝ ծրագրավորողները, պատասխանել են դպրոցականների հարցերին ծրագրավորման լեզուների, ընկերությունում կիրառվող արհեստական բանականության տեխնոլոգիաների, ընկերության արտադրանքների, ծառայությունների եւ կորպորատիվ մշակույթի վերաբերյալ։ Նրանք նաեւ կիսվել են ՏՏ ոլորտում կարիերա կառուցելու գործնական խորհուրդներով։ 

Հանդիպման ավարտին կազմակերպվել է նեթվորքինգ եւ հյուրասիրություն։

Yandex Armenia-ի Ծրագրավորման դպրոցը բացվել է 2017 թվականին՝ EIF հիմնադրամի մասնակցությամբ, Վանաձորի եւ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնների բազայի վրա։ Դասընթացը նախատեսված է 14-17 տարեկան դեռահասների համար (9-11-րդ դասարանների աշակերտներ), տեւում է մեկ ուսումնական տարի, ամբողջությամբ անվճար է եւ անցկացվում է հայերենով։ Աշակերտները սովորում են Python ծրագրավորման հիմունքները եւ ձեռք բերում հմտություններ, որոնք անհրաժեշտ են պահանջված ՏՏ մասնագիտությունների համար։ Ընդունվելու համար անհրաժեշտ է անցնել ընդունելության թեստավորում եւ հարցազրույց։ Դպրոցի շրջանավարտները մասնակցում են խոշոր միջազգային հաքաթոնների եւ օլիմպիադաների, ընդունվում մասնագիտական բուհեր, այդ թվում՝ արտերկրում։


ՏՏ կրթության եւ համայնքի զարգացումը Yandex Armenia-ի կարեւոր առաջնահերթություններից է։ Ընկերությունը կիսվում է իր փորձով Երեւանի համալսարաններում եւ Yandex Hall հարթակում, որտեղ ընկերության սեփական եւ հրավիրված փորձագետները կարդում են դասախոսություններ, անցկացնում վորքշոփներ եւ սեմինարներ։ Միջոցառումների մի մասն իրականացվում է Yandex-ի Տվյալների վերլուծության դպրոցի հետ համատեղ։