14:30 | 16.04.26 | Նորություններ | 1540
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայքի կողմից պատանիների համար կազմակերպվող առաջին դեմքից դիտում ապահովող (FPV) դրոնների անվճար դասընթացի շրջանակում անցկացվել է բաց դաս, որին ներկա էր նաեւ Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Դասի ընթացքում մասնակիցներն իրականացրել են ծրագրային ապահովման հետ աշխատանքներ, դրոնների բաղադրիչների զոդում, «մինի վուպ» (Mini Whoop) դրոններով թռիչքներ՝ փակ տարածքում, մեծ դրոնների թռիչքների ցուցադրություն, ինչպես նաեւ անցկացրեցին փոքրիկ վիրտուալ մրցույթ։
«Այսպիսի կրթական նախաձեռնությունները կարեւոր դեր ունեն տեխնոլոգիական համայնքի զարգացման եւ նոր սերնդի ձեւավորման տեսանկյունից։ Ucom-ում մենք հավատում ենք, որ երիտասարդների տեխնոլոգիական մտածելակերպի զարգացումը եւ նրանց գործնական հմտությունների փոխանցումը երկարաժամկետ ներդրում է երկրի ապագայի համար»,– նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ucom-ի գլխավոր տնօրենի հետ զրույցում նրանք կիսվել են նաեւ իրենց փորձով՝ պատմելով հանդիպած դժվարությունների, հետաքրքրությունների եւ հետագա նպատակների մասին։
«Մենք մեծ կարեւորություն ենք տալիս նմանատիպ նախաձեռնությունների իրականացմանը, քանի որ դրանք նպաստում են համայնքի զարգացմանը, ինչպես նաեւ երեխաների եւ պատանիների շրջանում տեխնոլոգիական ոլորտների նկատմամբ հետաքրքրության աճին։ Պատանիները մեծ ոգեւորությամբ են մասնակցում դասընթացներին։ Բարձր ենք գնահատում Ucom-ի կողմից ընձեռված այս հնարավորությունը», - ասել է ArmDrone համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանը։
Արդեն երկրորդ տարին է, ինչ Ucom-ի աջակցությամբ իրականացվող դասընթացների շնորհիվ տասնյակ պատանիներ հնարավորություն են ստանում գիտելիքներ ձեռք բերելու ԱԹՍ ոլորտում՝ զարգացնելու իրենց տեխնոլոգիական մտածելակերպը եւ հմտությունները։
Մասնակիցները ծանոթանում են ժամանակակից ԱԹՍ-ների տեխնոլոգիաներին, ինժեներական մտածողության հիմունքներին եւ FPV (First-person view) դրոնների առանձնահատկություններին։ Մասնակիցները տեսական եւ գործնական գիտելիքներ են ստանում ԱԹՍ մեխանիկական կառուցվածքի, ծրագրային եւ թռիչքային պարամետրերի կարգավորման, անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, ինչպես նաեւ ուսումնասիրում են մրցութային ռազմավարություններ եւ ձեռք բերում համապատասխան հմտություններ։