11:55 | 22.04.26 | Նորություններ | 234
ՀՀ դպրոցականները ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ են նվաճել IATI ինֆորմատիկայի միջազգային 17-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է Բուլղարիայի կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ:
Ընթացիկ ուսումնական տարում օլիմպիադան անցկացվել է առցանց ձեւաչափով երկու տարիքային խմբերի համար՝ ավագ (10-12-րդ դասարաններ) եւ կրտսեր (7-9-րդ դասարաններ)։ Հայաստանից օլիմպիադային մասնակցել է 6 ուսումնական հաստատության 20 աշակերտ։ Հայաստանի մասնակիցներից 11-ն ավագ, իսկ 9-ը՝ կրտսեր տարիքային խմբի 9 աշակերտներ են։
Ավագ տարիքային խմբում Հայաստանի թիմն արժանացել է 1 արծաթե (Գրիգորյան Ալեքս՝ «Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան) եւ 5 բրոնզե (Մացակյան Տիգրան, Գյոզալյան Վահագն՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 11-րդ դասարան, Գրիգորյան Արեն, Մանուկյան Հայկ՝ «Քվանտ» վարժարան, 10-րդ դասարան, Համբարյան Մամիկոն՝ Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց, 9-րդ դասարան) մեդալների։ Վերջին մասնակիցը ցանկություն էր հայտնել մասնակցելու ավագ տարիքային խմբում։
Կրտսեր տարիքային խմբում մեր թիմն արժանացել է 1 ոսկե (Քոչարյան Վաչե՝ «Քվանտ» վարժարան, 8-րդ դասարան) եւ 2 բրոնզե (Խոնդկարյան Հերբերտ՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 9-րդ դասարան, Ադամյան Հայկ՝ «Քվանտ» վարժարան, 7-րդ դասարան) մեդալների։
Հայաստանի դպրոցականների օլիմպիական թիմերը ղեկավարել են Արմեն Անդրեասյանը (ԵՊՀ դասախոս), Սամվել Անդրեասյանը եւ Ռոբերտ Քոչարյանը (ԵՊՀ մագիստրանտներ)։ Աշակերտների առցանց մասնակցությունն իրականացվել է ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի աջակցությամբ։
Օլիմպիադային մասնակցել է 16 երկրի 440 աշակերտ (ավագ տարիքային խումբ՝ 285 աշակերտ, կրտսեր տարիքային խումբ՝ 155 աշակերտ):