Թումոն պաշտոնապես բացել է իր երկրորդ կենտրոնը Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում եւ առաջինը՝ Ուրուգվայում։
Բուենոս Այրեսում Թումո կենտրոնի բացմանը ներկա էին քաղաքի Կրթության նախարար Մերսեդես Միգելը եւ քաղաքապետ Խորխե Մակրին։ Նրանց էին միացել նաեւ Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը, միջազգային ծրագրերի ղեկավար Քրիս Շահինյանը եւ Թումոյի գլխամասի ու տարբեր կենտրոնների ներկայացուցիչներ, որոնք ժամանել էին մասնակցելու նաեւ Թումոյի միջազգային համաժողովին։
Նոր կենտրոնը, որը Բուենոս Այրեսի կրթության նախարարության հետ համագործակցության արդյունք է, բացվել է Հարավային Ամերիկայում առաջին կենտրոնի՝ Բուենոս Այրեսի Բարակասի կենտրոնի գործարկումից մեկ տարի չանցած։
Նունյեսի կենտրոնը շաբաթական կընդունի մինչեւ 4.500 ուսանող։ Ուսանողները կհմտանան այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են եռաչափ մոդելավորումը, խաղերի ստեղծումը, գրաֆիկական դիզայնը, շարժական գրաֆիկան, լուսանկարչությունը, ծրագրավորումը, իսկ հետագայում նաեւ գեներատիվ AI-ը եւ կայքերի մշակումը։
photo © Թումո
Թումոյի ներկայությունը Բուենոս Այրեսում շարունակվելու է ընդլայնվել․ երրորդ կենտրոնի բացումը նախատեսվում է այս տարվա ընթացքում՝ Չակարիտա շրջանում։ Նոր կենտրոնի գործարկումից հետո Բուենոս Այրեսի բոլոր կենտրոնները միասին կկարողանան շաբաթական ընդունել մինչեւ 15.000 ուսանող:
«Հաջորդ սերունդը ժառանգելու է հնարավորություններով լի ապագա, որն իր հետ բերում է նաեւ տեխնոլոգիական, բնապահպանական, սոցիալական եւ աշխարհաքաղաքական լուրջ մարտահրավերներ։ Դրանք մեր ստեղծած իրականությունն են։ Մեզ համար կարեւոր է օգնել նրանց ձեռք բերել անհրաժեշտ հմտությունները՝ այս արագ փոփոխվող աշխարհում վստահ եւ պատրաստ լինելու համար», - ասել է Բեկոր Փափազյանը։
Ապրիլի 8-ին Մոնտեվիդեոյում բացվել է Թումո Ուրուգվայի կենտրոնը, ինչը նախորդել է Նունյեսում Թումո կենտրոնի բացմանը։ Բացման արարողությանը մասնակցել են Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսին, Corporación América Airports-ի գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը, Թումոյի միջազգային ծրագրերի ղեկավար Քրիս Շահինյանը եւ այլ հյուրեր։ Կենտրոնը գործարկվել է Aeropuertos Uruguay-ի, Corporación América Airports-ի եւ Ceibal-ի հետ համագործակցությամբ։
photo © Թումո
Միջոցառման ընթացքում Google-ի Southern Cone-ի հանրային քաղաքականության եւ կառավարության հետ հարաբերությունների ղեկավար Թամար Կոլոդենկոն հայտարարել է, որը Google-ը հաջորդ երկու տարիների ընթացքում համագործակցելու է Թումո Ուրուգվայի հետ՝ ընդլայնելով բարձրակարգ կրթության հասանելիությունը ուսանողների համար, մասնավորապես՝ արհեստական բանականության ոլորտում։
Թումոն այս տարի նշում է իր 15-ամյակը, եւ էլ ավելի է ընդլայնում իր միջազգային ցանցը. նախատեսվում է մինչեւ 2027 թվականի ավարտն ունենալ 30 կենտրոն 15 երկրում, որոնց թվում են Իսպանիան, Անգոլան, Գերմանիան, Ղազախստանը եւ այլն։
Բուենոս Այրեսի բացմանը հաջորդել է Թումոյի երրորդ միջազգային համաժողովը։ Տասնմեկ երկրի (Ալբանիա, ԱՄՆ, Արգենտինա, Գերմանիա, Իսպանիա, Հայաստան, Հնդկաստան, Ճապոնիա, Նիդերլանդներ, Ուրուգվայ, Պորտուգալիա) տասնյոթ Թումո կենտրոններից ժամանած մասնակիցները Բուենոս Այրեսում կիսվել են պրակտիկայով, մարտահրավերներով եւ գաղափարներով այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են ուսանողական փորձառությունը, համայնքի ներգրավվածությունը, համագործակցությունները եւ ուսուցման նորարարությունը։
Այս տարվա խորագիրն էր «Մարդկային, ստեղծարար, գիտակից. ինչպիսի՞ն պետք է լինի ուսուցումը»։ Համաժողի մյուս թեմաներն էին Թումո կենտրոնների գործարկումն ու զարգացումը, ցանցային համագործակցությունը եւ Թումոյի մոդելի ազդեցությունը։