09:53 | 02.06.26 | Նորություններ | 647

Բացվել է Eleveight AI ընկերության ԱԲ գործարանը

Հունիսի 1-ին Գագարին համայնքում կայացել է Eleveight AI ընկերության արհեստական բանականության տվյալների կենտրոնի (ԱԲ գործարան) բացման պաշտոնական արարողությունը։

ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ մասնակիցները ծանոթացել են «տարածաշրջանում առաջին եւ NVIDIA Blackwell B300 տեխնոլոգիայի կիրառմամբ աշխարհում եզակի ԱԲ գործարանի հնարավորություններին»:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ Գագարինում բացվող տվյալների նոր կենտրոնը Հայաստանի ապագայի տնտեսության հիմնաքարերից է, իսկ պետության ռազմավարական նպատակն է երկիրը վերածել տարածաշրջանի «ԱԲ գործարանների պարտեզի»։

«Սա նշանակում է կերտել մի էկոհամակարգ, որտեղ գործում են բարձր արտադրողականությամբ հաշվողական ենթակառուցվածքներ, ԱԲ մոդելներ, լաբորատորիաներ ու նորարարական ընկերություններ»,- ասել է նախարարը։

photo © Eleveight AI


Eleveight AI-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Արման Ալեքսանյանն ասել է, որ աշխարհում եզակի այս գերհամակարգչային ենթակառուցվածքը զարգացման նոր հնարավորություններ կբացի բիզնեսի, ստարտափների եւ գիտակրթական ոլորտի համար։ 

Գագարինում կառուցված տվյալների կենտրոնը նախատեսված է ԱԲ մեծածավալ հաշվարկների, գեներատիվ մոդելների ուսուցման, ինչպես նաեւ պետական ու մասնավոր հատվածների թվային լուծումների համար։ «NVIDIA Reference Architecture» ստանդարտներին համապատասխանող կենտրոնը թույլ կտա միջազգային ընկերություններին իրենց ԱԲ նախագծերը գործարկել Հայաստանում՝ առանց տեխնիկական ինտեգրման բարդությունների։ 

photo © Eleveight AI


Ծրագրի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է 70 միլիոն ԱՄՆ դոլար: Մինչեւ տարեվերջ ընկերությունը նախատեսում է իրականացնել եւս 50 միլիոն դոլարի լրացուցիչ ներդրում։ Տվյալների կենտրոնի կարեւոր առանձնահատկություններից է կայուն եւ էկոլոգիապես պատասխանատու գործառնական մոդելը. այն աշխատում է «Zero Chemical Footprint» սկզբունքով՝ լայնորեն օգտագործելով բնական սառեցման լուծումներ, իսկ էներգետիկ անկախությունն ապահովվում է նաեւ վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառմամբ։ Հովացման համակարգը գործում է փակ ցիկլով եւ չի սպառում արտաքին ջրային կամ այլ բնական ռեսուրսներ։ 

photo © Eleveight AI


Eleveight AI-ը նախատեսում է իր ընդհանուր հաշվարկային հզորությունների մինչեւ 20 տոկոսը հասանելի դարձնել հայկական համալսարաններին, հետազոտական կենտրոններին եւ ոչ առեւտրային նախաձեռնություններին՝ նպաստելով տեղական մասնագիտական ներուժի զարգացմանը եւ գիտական նորարարությունների խթանմանը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» ՓԲԸ-ի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված Հայաստանի Հանրապետությունում արհեստական բանականության էկոհամակարգի զարգացմանը, նորարարության խթանմանը, կարողությունների ձեւավորմանը եւ կիրառական ծրագրերի աջակցությանը։ 

photo © Eleveight AI


Հուշագրով նախատեսվում է համագործակցություն ԱԲ ոլորտում ստարտափների, հետազոտական թիմերի եւ նորարարական նախաձեռնությունների աջակցության, կրթական եւ մասնագիտական զարգացման ծրագրերի իրականացման, գիտական եւ ինժեներական կարողությունների ամրապնդման, բարձր արտադրողականությամբ հաշվողական ենթակառուցվածքների (HPC) ընդլայնման, պիլոտային եւ կիրառական ԱԲ նախագծերի խթանման, պետական կառավարման համակարգում ԱԲ լուծումների ինտեգրման, ինչպես նաեւ պետական եւ մասնավոր հատվածների համար ամպային ծառայությունների զարգացման ուղղություններով։

Կողմերը նախատեսում են նաեւ ձեւավորել Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ (AIVI)՝ որպես համագործակցային հարթակ, որը կնպաստի կրթական ծրագրերի, մասնագիտական համայնքների, հետազոտական թիմերի եւ նորարարական նախաձեռնությունների զարգացմանը։ Հուշագիրը նախատեսում է նաեւ համատեղ միջոցառումների, մասնագիտական քննարկումների եւ փորձնական ծրագրերի իրականացում՝ Հայաստանի արհեստական բանականության ոլորտի միջազգային տեսանելիության բարձրացման նպատակով: