ԿԳՄՍ նախարարության, արհեստական բանականության ոլորտի առաջատար OpenAI-ի եւ Firebird ընկերությունների համագործակցությամբ ՀՀ դպրոցներն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները հասանելիություն կստանան ChatGPT Edu եւ Codex հարթակներին՝ սեպտեմբերից ստանալով 50.000 կրթական բաժանորդագրություն:

Համապատասխան փաստաթուղթն ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եւ Firebird ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը: Հանդիպմանն առցանց միացել է OpenAI առաջատար միջազգային տեխնոլոգիական ընկերության «Education for Countries» նախաձեռնության ղեկավար Ջեյնա Դեւանին։ Միջոցառմանը ներկա են եղել նաեւ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը:

Համագործակցության շրջանակում Հայաստանին նախատեսվում է տրամադրել 50.000 կրթական բաժանորդագրություն. այս թիվը հետագայում կմեծանա։ Արդյունքում՝ OpenAI-ի ChatGPT Edu հարթակի եւ Codex-ի հնարավորությունները հասանելի կդառնան ՀՀ կրթական, ինժեներական եւ գիտահետազոտական համայնքների համար։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կրթական համակարգում վերջին տարիներին հետեւողականորեն ընդլայնվում են արհեստական բանականության կիրառմանն ու արհեստական բանականության գրագիտության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։ 

Արդեն հաջողությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ, այդ թվում՝ «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրն ավագ դպրոցների համար, ինչպես նաեւ Step AI ծրագիրը։ Ավագ դպրոցներում ձեւավորվում են կարեւոր հնարավորություններ՝ արհեստական բանականության ոլորտում մասնագիտական կողմնորոշման եւ հետագա կրթության համար։

Նրա խոսքով՝ այսօր հայտարարվող համագործակցության շնորհիվ հնարավորություն է ստեղծվում համակարգված ձեւով կրթության ոլորտում ներդնել արհեստական բանականության գործիքակազմ, որը մի կողմից կընդլայնի ԱԲ գրագիտությունը, մյուս կողմից կրթական գործընթացները կդարձնի ավելի արդյունավետ՝ սովորելը վերածելով որակյալ փորձառության։

ChatGPT Edu հարթակը ChatGPT-ի կրթական հաստատությունների համար նախատեսված տարբերակն է, որը դպրոցներին եւ բուհերին հնարավորություն է տալիս կիրառելու առաջադեմ արհեստական բանականության գործիքներ, ներառյալ՝ Codex-ի նման գործառույթներ՝ ապահովելով տվյալների պաշտպանության, տեղեկատվական անվտանգության եւ կառավարման բարձր չափանիշներ։ Բարձրագույն կրթության համակարգում հարթակից կկարողանան օգտվել թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները, իսկ հանրակրթության ոլորտում այն հասանելի կլինի բոլոր ուսուցիչներին եւ ավագ դպրոցի սովորողներին։

Firebird ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի համոզմամբ՝ կրթության մեջ կատարվող ներդրումներն ամենակարեւորն են ԱԲ դարաշրջանում․ 

«Տեխնոլոգիաների ապագան այնպիսի բան չէ, որը գալու է ինչ-որ հեռավոր ապագայում․ այն ձեւավորվում է հենց այսօր՝ դպրոցներում, համալսարաններում եւ գիտահետազոտական համայնքներում։ Հայաստանը բացառիկ տաղանդներ ունի, եւ ուսանողներին, դասախոսներին ու հետազոտողներին աշխարհի ամենաառաջադեմ ԱԲ գործիքների հասանելիությամբ ապահովելը կձեւավորի նորարարների նոր սերունդ։ Այս նախաձեռնությունն առանձնահատուկ է դարձնում հենց դրա հիմքում ընկած համագործակցությունը։ Սա միայն տեխնոլոգիաների մասին չէ․ սա Հայաստանի ապագայի մասին է»:

OpenAI առաջատար միջազգային տեխնոլոգիական ընկերության «Education for Countries» նախաձեռնության ղեկավար Ջեյնա Դեւանին ներկայացրել է հարթակը՝ նշելով․ 

«Կրթությունն այն կարեւորագույն ուղղություններից է, որի միջոցով արհեստական բանականությունը կարող է ընդլայնել հնարավորությունները։ ԿԳՄՍ նախարարության եւ Firebird-ի հետ համագործակցության միջոցով մենք նպաստում ենք, որպեսզի ChatGPT Edu-ն հասանելի դառնա երկրի ուսանողներին, մանկավարժներին եւ հետազոտողներին՝ ապահովելով անվտանգ, ստեղծարար եւ արդյունավետ կերպով կիրառվող առաջադեմ ԱԲ գործիքների հասանելիություն։ Հայաստանն ունի հզոր մարդկային ներուժ եւ զարգացող թվային ենթակառուցվածք, եւ այս նախաձեռնությունը կարող է նպաստել ԱԲ գրագիտությամբ օժտված նորարարների հաջորդ սերնդի ձեւավորմանը»։

Նախաձեռնության մեկնարկային փուլում՝ 2026-2027 ուսումնական տարում, ChatGPT Edu-ի հասանելիությունը կապահովվի Firebird ընկերության ֆինանսավորմամբ։ Ծրագրի արդյունավետության եւ կրթական արդյունքների վրա ազդեցության գնահատումից հետո կդիտարկվի ծրագրի պետական ֆինանսավորման հնարավորությունը՝ համակարգն ընդգրկելով ազգային կրթական համակարգում որպես կայուն եւ մասշտաբային բաղադրիչ։