10:09 | 03.07.26 | Նորություններ | 746

Երեխաներն AI օգտագործում են մեծահասակներից երեք անգամ արագ

Երեխաներն արհեստական բանականությունն օգտագործում են մեծահասակներից ավելի քան երեք անգամ արագ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ 10 երկրներում հավաքագրված նոր տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ առնվազն 20 միլիոն երեխա արդեն օգտվել է արհեստական բանականությունից (ԱԲ)։ Նրանցից շատերը ԱԲ-ին առնչվում են եւ այն սկսում կիրառել մեծահասակներից ավելի քան երեք անգամ արագ։

Ավելի քան 2 միլիոն երեխա կամ յուրաքանչյուր տասներորդը, նշել է, որ դիմում է արհեստական բանականությանը իրեն անհանգստացնող հարցերի վերաբերյալ խորհուրդ ստանալու համար։ Մոտ 13 միլիոն երեխա էլ այն օգտագործում է ուսման եւ տնային առաջադրանքները կատարելու նպատակով։

Սակայն դրա կիրառումը կարգավորող կանոնակարգերն ու մեխանիզմները, այդ թվում՝ երեխաների պաշտպանությանն ուղղված միջոցառումները, չեն հասցնում համընթաց զարգանալ։

Երեխաներն ավելի ու ավելի հաճախ են առնչվում արհեստական բանականության համակարգերին՝ դրանց նախագծման սկզբունքներից եւ բիզնես մոդելներից մինչեւ իրենց անձնական տվյալների օգտագործման եղանակները։ Սակայն նրանք շատ ավելի սահմանափակ հնարավորություններ ունեն այդ համակարգերից խուսափելու կամ դրանց ազդեցությունը վիճարկելու համար։

Կառավարման բացերի հետեւանքներն առաջին հերթին կրում են հենց երեխաները, եւ դրանց ազդեցությունն ուղեկցելու է նրանց շատ ավելի երկար ժամանակ։ Այդուհանդերձ, արհեստական բանականության կառավարման գործող մոտեցումների մեծ մասում երեխայի իրավունքները բավարար առաջնահերթություն չեն ստանում։

Թեեւ արհեստական բանականությունը կարող է երեխաների համար սովորելու, խաղալու եւ ստեղծագործելու հնարավորություններ ստեղծել, դրա ազդեցության վերաբերյալ գիտական ապացույցները՝ հատկապես ճանաչողական զարգացման, հուզական կախվածության եւ հնարավոր վնասների տեսանկյունից, դեռ նոր են ի հայտ գալիս։ Փաստորեն, մի ամբողջ սերունդ մեծանում է համաշխարհային մասշտաբի փորձարկման պայմաններում։

Իրենք՝ երեխաներն էլ գիտակցում են առկա վտանգները։ Հարցմանը մասնակցած 10 երկրում յուրաքանչյուր երրորդ երեխան մտահոգություն է հայտնել, որ արհեստական բանականությունը կարող է օգտագործվել մարդկանց խաբելու, կեղծիքներ իրականացնելու կամ ապատեղեկատվություն տարածելու նպատակով։ Յուրաքանչյուր չորրորդն էլ վախենում է, որ իր լուսանկարներն ու տեսանյութերը կարող են փոփոխվել եւ վերածվել սեռական բնույթի կեղծ պատկերների կամ տեսանյութերի (deepfake)։ 

Արհեստական բանականության կառավարման առաջին գլոբալ երկխոսությունից առաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին, մասնավոր հատվածին եւ գործընկերներին կոչ է անում ապահովել, որպեսզի երեխայի իրավունքները, հատկապես՝ անվտանգության եւ պաշտպանության իրավունքները, դառնան արհեստական բանականության գլոբալ կառավարման անբաժանելի մաս, ինչը պահանջում է՝

- Երեխաների զարգացման եւ բարեկեցության վրա ԱԲ ազդեցության եւ դրա ռիսկերի հետազոտման ֆինանսավորում,
- ԱԲ միջոցով իրականացվող սեռական շահագործումն եւ բռնությունը վերացնելու համար օրենսդրության եւ կառավարման մեխանիզմների հզորացում եւ ընկերությունների հաշվետվողականության բարձրացում,
- ԱԲ համակարգերի առավելագույն անվտանգ եւ թափանցիկ նախագծման ապահովում, որպեսզի բոլոր երեխաները լինեն պաշտպանված եւ կարողանան շարունակել օգտվել ԱԲ ընձեռած հնարավորություններից,
- ԱԲ գրագիտության ուսուցում եւ թվային միջավայրից օգտվելու աջակցություն երեխաներին եւ ծնողներին,
- Երկրների ներսում եւ միջեւ ԱԲ անջրպետի վերացում՝ ներդնումներ կատարելով յուրաքանչյուր երեխայի եւ նրա ծնողների կարիքներին համապատասխան թվային ենթակառուցվածքների եւ համացանցի հասանելիության ուղղությամբ՝ թե՛ տանը, թե՛ դպրոցում։