13:07 | 13.07.26 | Նորություններ | 123

Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է եւս 56 սարքավորում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ ամերիկյան Starlink ընկերության միջեւ կայացած բանակցությունների արդյունքում ՀՀ կառավարությունը ստացել է Starlink-ի կողմից նվիրաբերված 56 սարքավորում՝ ապագա հնարավոր արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու նպատակով։ 

Այս սարքավորումները հնարավորություն կտան ապահովել հուսալի եւ բարձր արագությամբ ինտերնետ կապ՝ աղետների եւ այլ արտակարգ իրավիճակների ընթացքում արդյունավետ արձագանքման համար։ Նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ ներքին գործերի նախարարությունների համագործակցությամբ։

Սարքավորումներն արդեն Հայաստանում են, եւ նախատեսվում է դրանք հատկացնել ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ Փրկարար ծառայության կարիքների համար։ Դրանք կնպաստեն Հայաստանի արտակարգ իրավիճակներում կապի բազմազանության հնարավորությունների ամրապնդմանը, մասնավորապես, փրկարարական գործողությունների, բնական աղետների, ճգնաժամային իրավիճակների, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ կապի ավանդական ենթակառուցվածքները սահմանափակված, գերծանրաբեռնված կամ խափանված են։

Starlink-ը Երկրի ցածր ուղեծրում գործող աշխարհի առաջատար արբանյակային «համաստեղությունն» է, որն ապահովում է հուսալի եւ բարձր արագությամբ լայնաշերտ ինտերնետ միլիոնավոր օգտատերերի համար ամբողջ աշխարհում։ Այն կարեւոր դեր է կատարում արտակարգ իրավիճակներին արձագանքող ծառայությունների համար կապի անխափանությունն ապահովելու գործում, հատկապես հեռավոր բնակավայրերում եւ ճգնաժամային պայմաններում։

Այս նվիրատվությունը շարունակությունն է Starlink-ի եւ ՀՀ ԲՏԱ նախարարության միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցության, որի շրջանակում արդեն իսկ 110 Starlink սարքավորում ապահովում է հազարավոր սովորողների ինտերնետային կապը Հայաստանի հեռավոր բնակավայրերի դպրոցներում։