ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը եւ «Startup Armenia» գիտակրթական հիմնադրամը հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը կիրականացնեն Seaside Startup Summit Armenia 2026 միջոցառումը։
Միջոցառման կազմակերպման համար ինչպես 2025, այնպես էլ 2026 թվականներին պետական բյուջեից հատկացվել է 200 մլն ՀՀ դրամ:
Մեկ շաբաթ շարունակ Սեւանի ափին` ոչ ֆորմալ ճամբարային ձեւաչափով, կհամախմբվեն աշխարհի տարբեր երկրների ստարտափների հիմնադիրներ, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի եւ տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ, մենթորներ, ոլորտի առաջատար փորձագետներ եւ նորարարության էկոհամակարգի առաջնորդներ։
Սամմիթը կներառի հետեւյալ թեմատիկ ուղղությունները՝ «World Youth Environmen Festival», «Sevan AgriTech Summit», «WineTech Innovation Summit», «Cyber Insurance Summit», «Minning Innovation Summit», «Sevan EV Rally»՝ հյուրընկալելով ավելի քան 50 երկրից ժամանած շուրջ 2000 մասնակցի։
Seaside Startup Summit Armenia 2026-ի շրջանակում հուլիսի 30-ին նախատեսվում է նաեւ «Government Day» խորագրով միջոցառումը, որի նպատակը ՀՀ պետական կառույցների կողմից ոլորտային խնդիրների թվային լուծումների ներկայացումն է:
«Սիսայդ Սեւան Ստարտափ Սամմիթը» տարածաշրջանի ամենախոշոր եւ ճանաչված տեխնոլոգիական ու ձեռնարկատիրական հարթակներից մեկն է։ Այն նպաստում է Հայաստանի միջազգային ճանաչելիության եւ տեխնոլոգիական հեղինակության բարձրացմանը, արտասահմանյան ներդրումների ներգրավմանը, ինչպես նաեւ հայկական ստարտափների՝ համաշխարհային շուկաներ մուտք գործելուն եւ միջազգային գործընկերությունների ձեւավորմանը։