12:07 | 17.07.26 | Նորություններ | 145

Ucom-ը եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

Ucom-ի աջակցությամբ՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից իրականացվող «Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» նախաձեռնության առաջին խմբի մասնակիցներին հանձնվեցին ավարտական վկայականները։  

Նախաձեռնությունը, որը նախատեսված է 14-17 տարեկան դպրոցականների համար, նպատակ ունի զարգացնել կիբեռանվտանգության վերաբերյալ հիմնարար գիտելիքները, բարձրացնել թվային գրագիտությունը, ինչպես նաեւ խրախուսել թվային միջավայրում անվտանգ եւ պատասխանատու վարքագիծը։

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի փորձառու մասնագետների օգնությամբ դպրոցականները ծանոթացել են կիբեռանվտանգության հիմնական սկզբունքներին, ժամանակակից թվային սպառնալիքներին եւ դրանցից պաշտպանվելու եղանակներին։ Նրանք ձեռք են բերել նաեւ գործնական հմտություններ, որոնք կօգնեն ավելի վստահ կողմնորոշվել առօրյա թվային միջավայրում՝ անձնական տվյալների պաշտպանությունից մինչեւ անվտանգ առցանց հաղորդակցություն։ 

«Ucom-ի համար կարեւոր է աջակցել այնպիսի նախաձեռնությունների, որոնք երիտասարդներին տեսական եւ գործնական կարողություններ են տալիս՝ անվտանգ թվային ապագայի համար։  Այսօր երեխաներն ու պատանիները շատ վաղ տարիքից են դառնում թվային աշխարհի ակտիվ մասնակիցներ։ Մեր խնդիրն է օգնել նրանց այդ միջավայրում լինել ոչ միայն ակտիվ, այլեւ պաշտպանված, գիտակից եւ պատասխանատու»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում արդեն համոզվել ենք, որ կիբեռանվտանգությունը պետք է հասանելի եւ հասկանալի լինի յուրաքանչյուր երիտասարդի, ոչ միայն նրանց, ովքեր ապագայում կընտրեն այս ոլորտը որպես մասնագիտություն։ Երբ անվտանգ թվային վարքագիծը ձեւավորվում է դեռ դպրոցական տարիքից, երիտասարդներն ավելի վստահ եւ պատասխանատու են օգտվում տեխնոլոգիաներից։ Հենց այս մտածողության ձեւավորումն է նման նախաձեռնությունների ամենակարեւոր արդյունքը»,- նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Մարի Բարսեղյանը։

Ավարտական միջոցառման ընթացքում ներկայացվել են ծրագրի առաջին խմբի արդյունքները, մասնակիցները կիսվել են իրենց տպավորություններով եւ փորձառությամբ, որից հետո տեղի է ունեցել վկայականների հանձնման արարողությունը։

Նախաձեռնությունը շարունակվում է, եւ եւս երկու ուսումնական խմբերի դասընթացների ավարտից հետո Ucom-ի աջակցությամբ կկազմակերպվի Mini-CTF (Capture The Flag) կիբեռանվտանգության թեմայով մրցույթ, որը կմիավորի ծրագրի բոլոր մոտ 70 մասնակիցներին՝ իրենց գիտելիքներն ու հմտությունները գործնական միջավայրում կիրառելու նպատակով: