10:44 | 27.07.26 | Նորություններ | 113

Մեկնարկել է «Seaside Startup Summit Armenia 2026» միջազգային գագաթնաժողովը

Հուլիսի 26-ին տեղի է ունեցել «Seaside Startup Summit Armenia 2026»-ի բացման պաշտոնական արարողությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը պաշտոնական բացմանն ասել է, որ արդեն տասներորդ տարին անընդմեջ Սեւանի ափին անցկացվող այս միջոցառումը դարձել է «այն եզակի հարթակը, որը միավորում է նորարար գաղափարներով առաջնորդվող մարդկանց եւ ձեւավորում տեխնոլոգիական համայնք»:

«Հարյուրավոր տաղանդավոր անհատներ, նորարարներ եւ ստարտափներ են մասնակցել այս նախագծին։ Սա ՀՀ կառավարության համար կարեւոր նշանակություն ունեցող նախաձեռնություն է, եւ հենց այդ պատճառով մենք շարունակում ենք աջակցել այս ծրագրին՝ մեծ հավատով եւ ոգեւորությամբ»,– նշել է նա։

Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ «Seaside Startup Summit Armenia»-ն պարզապես գագաթնաժողով չէ, այլ միջավայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ, ձեւավորվում են համագործակցություններ եւ ստեղծվում ապագայի տեխնոլոգիական լուծումները։

«Վստահ եմ, որ հենց այստեղից են սկիզբ առնելու նոր հաջողության պատմություններ, իսկ Հայաստանից եւ «Seaside Startup Summit Armenia 2026»-ից մասնակիցները կհեռանան ոչ միայն վառ հիշողություններով, այլեւ նոր գործընկերություններով, գիտելիքով եւ մեծ նպատակներով»,–եզրափակել է նախարարը։

Հուլիսի 26-ից մինչեւ օգոստոսի 1-ն անցկացվող «Seaside Startup Summit Armenia 2026»-ի շրջանակում կհամախմբվեն աշխարհի տարբեր երկրների ստարտափների հիմնադիրներ, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի եւ տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ, մենտորներ, ոլորտի առաջատար փորձագետներ եւ նորարարության էկոհամակարգի առաջնորդներ։