ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ամփոփիչ ելույթ է ունեցել՝ ներկայացնելով պաշտոնավարման երկուսուկես տարիների ընթացքում նախարարության կողմից իրականացված աշխատանքներն ու առանցքային ձեռքբերումները։
Արհեստական բանականություն (ԱԲ), տվյալային կենտրոններ
Ներկայացնելով ԱԲ ոլորում իրականացված եւ նախատեսվող ծրագրերը՝ նախարարը նշել է, որ վճռորոշ քայլ է եղել 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ արհեստական բանականության եւ կիսահաղորդչային ոլորտի ռազմավարական փաստաթղթի ստորագրումը։
Բացի այդ, մշակվել է պետական կառավարման համակարգում ԱԲ գործիքների կիրառման եւ կարգավորման հայեցակարգը։ Առաջիկայում Ազգային ժողովը կընդունի օրենք, որով կվերանվանվի նախարարությունը, կստեղծվեն նոր ստորաբաժանումներ եւ առանձին ԱԲ գրասենյակ։
Խոսելով ներդրումային ծրագրերի մասին՝ նախարարը փաստել է, որ այցելել է Գագարին բնակավայր, որտեղ տեղադրված են մի քանի հարյուր ժամանակակից գրաֆիկական պրոցեսորներ (GPU)։ Այնտեղ արդեն իսկ կատարվել է 120 միլիոն դոլարի ներդրում, եւ նախատեսվում է իրականացնել մինչեւ 2 միլիարդ դոլարի ներդրումային ծրագիր։
Անդրադառնալով Firebird AI ընկերության համագործակցութամբ Հրազդանում կառուցված ԱԲ գործարանին` նախարարը նշել է, որ կենտրոնի պաշտոնական բացումը նախատեսված է օգոստոսի 8-ին․ այնտեղ արդեն իսկ տեղադրված են հազարավոր պրոցեսորներ, իրականացվել է 500 միլիոն դոլարի ծրագիր, եւ ընկերությունն արդեն ստացել է երկրորդ փուլի լիցենզիան՝ եւս 42,000 GPU-ների համար։
Ներկայացվել է նաեւ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ ծրագիրը, որը հաշվողական ԱԲ ռեսուրսները բաշխում է ինդուստրիային, գիտնականներին, նորարարներին ու համալսարաններին։ 16 շահառուների արդեն տրվել են ռեսուրսներ։
Բարձր տեխնոլոգիաներ, ոլորտի ռազմավարություն, նորարարական էկոհամակարգ
Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է, որ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտն առաջին անգամ կունենա համապարփակ ռազմավարություն, որը կսահմանի զարգացման երկարաժամկետ տեսլականն ու պետական առաջնահերթությունները։
Նրա խոսքով՝ մինչ այժմ ոլորտը զարգացել է հիմնականում առանձին նախաձեռնությունների եւ մասնավոր հատվածի ջանքերի շնորհիվ, սակայն չի ունեցել պետական ռազմավարական փաստաթուղթ, որը կապահովեր կանխատեսելիություն եւ զարգացման հստակ ուղղություններ։
Ռազմավարության հիմքում դրված է հինգ հիմնասյուն՝ հմուտ աշխատուժի ձեւավորում, համաշխարհային մակարդակի ենթակառուցվածքների զարգացում, կենսունակ նորարարական էկոհամակարգի ստեղծում, գլոբալ ինտեգրման եւ արտահանման խթանում, ինչպես նաեւ անվտանգ թվային միջավայրի ապահովում։
Որպես առաջնահերթ ուղղություններ սահմանվել են ԱԲ-ն, տվյալագիտությունը, մեքենայական ուսուցումը, ծրագրային ապահովման մշակումը, բիոինժեներիան եւ բժշկական տեխնոլոգիաները, առաջադեմ ճարտարագիտական լուծումները եւ կանաչ տեխնոլոգիաները։ Նախարարի խոսքով՝ ապագայում նախարարության աջակցության բոլոր ծրագրերը կառուցվելու են հենց այս ուղղությունների շուրջ։
Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նաեւ կիսահաղորդչային ոլորտում իրականացված աշխատանքները՝ նշելով, որ վերջին երկուսուկես տարիների ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործընկերների հետ շարունակական աշխատանքի եւ բանակցությունների արդյունքում Հայաստանին հաջողվել է ստանալ բացառություններ՝ ամերիկյան բարձր տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումների շրջանակում։
Նախարարի խոսքով՝ արդեն գրանցվել է առաջին հաջողված արդյունքը․ Microchip Technology ընկերությունը ստացել է համապատասխան արտահանման լիցենզիա, իսկ մյուս ընկերությունների հայտերը գտնվում են քննարկման փուլում։
Նախարարն անդրադարձել է նաեւ տեխնոլոգիական համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերին՝ ընդգծելով, որ շարունակական են լինելու հաքաթոնները, դրամաշնորհային ծրագրերը եւ տեխնոլոգիական կրթությանն ուղղված նախաձեռնությունները։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին կազմակերպվել են ուսանողական, ռոբոտաշինության եւ կիբեռանվտանգության հակաթոններ, իսկ մարզերում տեխնոլոգիական գրագիտության ծրագրերով վերապատրաստվել է ավելի քան 1100 մասնակից։
«Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակում 2.5 տարվա ընթացքում 59 նախագիծ ստացել է շուրջ 385 մլն դրամի պետական աջակցություն։ Միաժամանակ իրականացվում է ծրագրի արդյունավետության գնահատում, որի արդյունքներով այն կվերափոխվի։
Նախարարն ընդգծել է նաեւ, որ կառավարությունը շարունակելու է աջակցել Seaside Startup Summit Armenia նախաձեռնությանը՝ այն դիտարկելով ոչ միայն որպես ստարտափների ներկայացման հարթակ, այլեւ որպես նորարարական մշակույթի եւ ձեռնարկատիրական մտածողության ձեւավորման կարեւոր գործիք։
Կապ եւ հեռահաղորդակցություն
Կապի եւ հեռահաղորդակցության ոլորտում նախարարն առանձնացրել է 3800 ՄՀց հաճախականությունների տիրույթի ազատականացումը, որն իրականացվել է Պաշտպանության նախարարության եւ Ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցությամբ։
Մրցույթի արդյունքում ընտրված օպերատորի կողմից նախատեսվում է մինչեւ 2027թ. ապահովել նոր սերնդի կապի ծառայությունների հասանելիություն 497 բնակավայրերում, ինչպես նաեւ լայնաշերտ ինտերնետով ծածկել միջպետական ճանապարհների 98 տոկոսը. դրանց մի մասը կունենա նաեւ 5G ծածկույթ։
Ներկայացվել է նաեւ ռադիոմոնիթորինգի ազգային համակարգը, որն արդեն գործում է շուրջօրյա ռեժիմով եւ ապահովում է ռադիոհաճախականությունների արդյունավետ վերահսկողությունը։
Նախարարն անդրադարձել է նաեւ Starlink արբանյակային ինտերնետի գործարկման գործընթացին՝ նշելով, որ երկար բանակցություններից հետո 2025թ. ծառայությունն արդեն ակտիվացվել է Հայաստանում։
Նրա խոսքով՝ համագործակցության շրջանակում SpaceX-ը Հայաստանին նվիրաբերել է 100 Starlink տերմինալ եւ մեկ տարվա անվճար բաժանորդագրություն՝ դպրոցների համար, իսկ հետագայում տրամադրվել են նաեւ լրացուցիչ սարքավորումներ՝ արտակարգ իրավիճակների ծառայությունների կարիքների համար։
Տիեզերական ծրագրեր
Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է նաեւ հայաստանյան տիեզերական ծրագրին, նշել, որ 2024թ. «Արմսաթ-1» արբանյակի ամբողջական կառավարումը փոխանցվել է հայ մասնագետներին, որոնք արդեն ձեռք են բերել արբանյակների շահագործման անհրաժեշտ փորձառությունն ու կարողությունները։ 2025թ. ծրագրի ավարտից հետո ներբեռնված տվյալները տրամադրվել են գիտական եւ հետազոտական խմբերին՝ հետագա ուսումնասիրությունների համար։
Միաժամանակ մշակվել են նոր արբանյակային ծրագրի տեխնիկական պահանջները, ընտրվել է նախընտրելի տարբերակը, եւ, նախարարի խոսքով, առաջիկայում կսկսվի ծրագրի իրականացման վերջնական փուլը։
Զուգահեռաբար մշակվել է նաեւ ազգային տիեզերական ռազմավարության նախնական հայեցակարգը, որը ներկայումս գտնվում է քննարկման փուլում։
Կիբեռանվտանգություն եւ թվայնացում
Մխիթար Հայրապետյանը նշել է, որ կիբեռանվտանգությունն ու թվայնացումը շարունակում են մնալ նախարարության առանցքային բարեփոխումների շարքում։ Ներդրվել են միասնական մոտեցումների ձեւավորման օրենսդրական հիմքերը, սահմանվել է միջազգային առաջատար չափանիշներին համահունչ կիբեռանվտանգության կարգավորման շրջանակ։
Ստեղծվել է կիբեռսպառնալիքների վաղ հայտնաբերման եւ ազդարարման ազգային կարողությունների զարգացման հիմքը։ Պետություն-մասնավոր հատված համագործակցության միջոցով ձեւավորվել են «մեկ հարցման» սկզբունքի կիրառման եւ տվյալների փոխգործելիության օրենսդրական հիմքերը, ինչը հնարավորություն է տալիս ապահովել հանրության եւ բիզնեսի համար ամբողջությամբ թվային հանրային ծառայությունների մատուցումը։
Նախարարն անդրադարձել է նաեւ Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի գործունեությանը՝ նշելով, որ հանձնաժողովը կհամակարգի տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցառումները, կձեւավորի պետական տեղեկատվական համակարգերի թվային ճարտարապետությունը եւ կապահովի միասնական, անվտանգ թվային միջավայրի կարգավորման իրավական հիմքերը։
Ռազմարդյունաբերություն․ Եռամյա ծրագրեր, բյուջեի աճ եւ արտահանման մեկնարկ
Մխիթար Հայրապետյանն նշել է, որ հայաստանյան ռազմարդյունաբերության համար հեղափոխական է եղել եռամյա ծրագրերի մեխանիզմը։ 2025թ. տվյալներով՝ ոլորտի շրջանառությունն անցել է 300 միլիարդ դրամը։ 28 ընկերություն դարձել է շահառու՝ վճարելով շուրջ 33 միլիարդ դրամի հարկ։
Նախարարն անդրադարձել է նաեւ ներքին պատվերների երկարաժամկետ ապահովմանը` նշելով, որ ՀՀ վարչապետի գործուն մասնակցությամբ, առաջնորդությամբ եւ Բարձր տեխնոլոգիաների եւ Պաշտպանության նախարարությունների համատեղ համագործակցության արդյունքում ի սկզբանե չբյուջետավորված 190 միլիարդ դրամ բյուջետավորվել է հաջորդ եռամյա ծրագրի համար (150 միլիարդ դրամ՝ եռամյա ծրագրերով, եւ 1 ընկերության հետ 5-ամյա պայմանագիր զինամթերքի մասով՝ եւս 40 միլիարդ դրամ)։
Անդրադառնալով ռազմական արտադրանքի արտահանման թեմային՝ Մխիթար Հայրապետյանը շեշտել է, որ չի կարող լինել արդյունաբերություն, եթե այն միայն կախված է 1 պատվիրատուից։
«2026թ. արտահանման 3 երկիր ունենք, սրանք ոչ թե պայմանագրեր են, այլ Հայաստանում արտադրված, ամբողջությամբ գումարը վճարված ռազմական արտադրանք, որը դուրս է եկել մեր երկրից։ Ավելին, ունենք կնքված պայմանագրեր եւ կանխավճարներ ստացված եւս 5 տարբեր երկրների հետ։ Ընդհանուր առմամբ` 2026թ. կունենանք 7 երկիր մատակարարում եւ արտահանում (քանի որ երկրներից մեկը համընկնում է)»,- ասել է Մխիթար Հայրապետյանը։
Անդրադառնալով ռազմարդյունաբերության ոլորտում իրականացված բարեփոխումներին՝ նախարարը նշել է, որ վերացվել է շահույթի 15 տոկոսի առավելագույն շեմը, որը գործում էր մինչեւ 2024–2025 թվականները եւ ոլորտի զարգացման լրջագույն խոչընդոտներից էր։
Բացի այդ, զենքի արտահանման եւ ներմուծման լիցենզիաների տրամադրման գործառույթը Պաշտպանության նախարարությունից փոխանցվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։
Նախարարը նշել է նաեւ, որ գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների (R&D) ֆինանսավորման ծրագրի կատարողականը գրանցել է շուրջ 100% աճ․
«2023 թվականին փոխանցել ենք 1,1 միլիարդ դրամ, 2024-ին՝ 1,5 միլիարդ, 2025 թվականին՝ 2,1 միլիարդ դրամ։ Ներդրվել է TRL (Technology Readiness Levels) համակարգը»։
Քայլեր են ձեռնարկվել ռազմարդյունաբերական ընկերությունների գործունեության առողջացման ուղղությամբ։ «Լազերային տեխնիկան» միավորվել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտին (ԵրՄՄԳԻ), ինչպես նաեւ վերակազմավորվել են «Գառնի-Լեռ» եւ «Պատնեշ» ընկերությունները։ Միաժամանակ մարվել են տասնյակ աշխատակիցների ամիսներ շարունակ չվճարված աշխատավարձերի պարտավորությունները։
Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է նաեւ ռազմարդյունաբերության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնմանը՝ ընդգծելով, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են գործընկերային կապերը։ Նրա խոսքով՝ այդ աշխատանքի արդյունքներից են դարձել ֆրանսիական «Թալես» եւ հայկական «Բուտեխ» ընկերության միջեւ Eurosatory ցուցահանդեսի շրջանակում ստորագրված պայմանագիրը, ինչպես նաեւ էմանուել Մակրոնի պետական այցի շրջանակում կնքված ռազմավարական համաձայնագիրը, որը հիմք է ստեղծել համատեղ ռազմարդյունաբերական գիտահետազոտական եւ փորձարարակոնստրուկտորական (R&D) աշխատանքների ու արտադրության համար։