09:39 | 03.08.26 | Նորություններ | 143

Eleveight AI-ի ԱԲ գործարանի հզորությունը նախատեսվում է հասցնել 40 ՄՎտ-ի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրում գործող  Eleveight AI ընկերության արհեստական բանականության (ԱԲ) գործարան: 
 
«Առաջին փուլի ներդրումային ծրագիրը կազմում է 150 մլն դոլար, որից շուրջ 70 մլն դոլարն արդեն իրականացվել է։ Ենթակառուցվածքը նախատեսված է արհեստական բանականության մեծածավալ հաշվարկները սպասարկելու համար՝ սկսած ԱԲ մոդելների ուսուցումից մինչև բիզնես, գիտական և ինժեներական կիրառություններ։ Գործարանի առաջին փուլի հզորությունը 5 ՄՎտ է, որն ընդլայնման հաջորդ փուլում նախատեսվում է հասցնել 40 ՄՎտ-ի։ Գործարկումից մեկ ամիս անց առկա հզորությունն ամբողջությամբ ամրագրվել է՝ արտացոլելով Հայաստանից և միջազգային շուկաներից եկող պահանջարկը», - ասված է կառավարության մամուլի հաղորդագրության մեջ: