14:00 | 31.07.26 | Նորություններ | 158

Sevan AgriTech Summit-ում քննարկվել է տեխնոլոգիաների դերը գյուղատնտեսության զարգացման գործում

Սեւանում անցկացվող «Seaside Startup Summit Armenia 2026»-ի շրջանակում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը, որտեղ բացման ելույթով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նախարարը նշել է, որ AgriTech-ը միավորում է ՀՀ կառավարության համար առաջնահերթություն համարվող երկու ոլորտներ՝ գյուղատնտեսությունն ու առաջադեմ տեխնոլոգիաները, որոնց արդյունավետ համադրումը ժամանակակից գյուղատնտեսության զարգացման կարեւոր նախապայման է։

Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ այսօր գյուղատնտեսությունն այլեւս հնարավոր չէ պատկերացնել առանց մեծ տվյալների մշակման, արհեստական բանականության (ԱԲ), պատկերների վերլուծության, տիեզերական տեխնոլոգիաների կիրառման։ Նրա խոսքով՝ այս առաջադեմ տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս առավել արդյունավետ կառավարել գյուղատնտեսական գործընթացները, բարձրացնել արտադրողականությունը, օպտիմալ օգտագործել բնական ռեսուրսները, նվազեցնել ծախսերը եւ ժամանակին արձագանքել ոլորտում առաջացող մարտահրավերներին՝ ապահովելով գյուղատնտեսության կայուն եւ մրցունակ զարգացումը։

Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության քաղաքականություններից է գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների (R&D) խրախուսումը՝ տարածաշրջանում R&D տեխնոլոգիական յուրօրինակ հանգույց դառնալու եւ նորարարությունը խթանելու նպատակով։

Մխիթար Հայրապետյանն այս համատեքստում կարեւորել է նաեւ գյուղատնտեսության մեջ ավտոմատացված համակարգերի ներդրումը՝ ընդգծելով ռոբոտաշինության ոլորտի զարգացման հրամայականը, ինչը հենց գյուղատնտեսությանը կարող է ապահովել աշխատանքների ավտոմատացում, բարձրացնել բերքատվությունն ու նվազեցնել ծախսերը։ Ըստ նախարարի՝ դրանք կօգնեն առավել ճշգրիտ խնամել հողը եւ բերքը՝ խնայելով ժամանակ եւ ռեսուրսներ։